Կյանքը Միացյալ Նահանգներում
Վերջին շրջանում հայկական հեռուստաեթերը լցվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցների կյանքն ու գործունեությունը լուսաբանող ամենատարբեր հաղորդումներով: Արդեն մի քանի ամիս է, ինչ ամեն օր հեռուստաէկրաններից մեր տուն են ներթափանցում հետխորհրդային շրջանում ԱՄՆ մեկնած այնպիսի անձինք, որոնք քիչ թե շատ հաջողությունների են հասել իրենց նոր «հայրենիքում»: Ընդ որում, դատելով վերոնշյալ հաղորդաշարերի տրամաբանությունից, ամենևին էլ կարևոր չէ, թե հյուրերն ինչպիսի վաստակ ունեն այս կամ այն բնագավառում: Գլխավոր չափանիշը նրանց ապրելակերպն է` մեքենայի շքեղությունն ու բնակարանի մեծությունը:
Ինչ խոսք, նման ամերիկաբնակ հայերի կենցաղը կարող է հետաքրքրել միայն մեր հասարակության ամենաքաղքենի հատվածին, որի ներկայացուցիչներն էլ, ի դեպ, այդ հաղորդումների հեղինակներն ու հաղորդավարներն են: Այդ առումով միանգամայն հասկանալի է այն փաստը, որ հայկական հեռուստաալիքների ԱՄՆ մեկնած հաղորդավարները պարզապես հիանում են այնտեղ տեսած ամեն մի մանրուքով: Եվ նույնիսկ սովորական սև հացը Նահանգներում նրանց աչքին աստվածային կերակուր է երևում:
Իսկ վերջերս «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հայտնվել է մի հեռուստասերիալ, որը ներկայացնում է ԱՄՆ-ում բնակվող հայկական «կրիմինալի» առօրյան: Ֆիլմի հերոսները ներկայացվում են որպես իսկական թագավորներ, որոնք տնօրինում են բիզնեսի ամենաառաջատար ճյուղերը:
Այս ամենը ոչ այլ ինչ է, քան ամերիկյան կենսակերպի գովազդ, իսկ դրա նպատակը` հայության արտագաղթին նպաստելը:
Կարեն Սարգսյան












