Հակաիսրայելական գործողությունները Թուրքիայում շարունակվում են
Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լևինը հերթական անգամ ոչ բարեհաճ ընդունելության է արժանացել: Սևծովյան տեխնիկական համալսարան այցելած դեսպանին ուսանողները դիմավորել են հակաիսրայելական բողոքի ցույցով: Իսրայելցի դիվանագետի անվտանգությունն ապահովելու համար օգնության են հասել Թուրքիայի անվտանգության ուժերը, որոնք ձերբակալել են 24 ուսանողի և ցրել համալսարանի մոտ հավաքվածներին:
Պետք է շեշտել, որ հակաիսրայելական նման միջոցառումները Թուրքիայում հաճախակի բնույթ են կրում: Գաբի Լևինը խոստովանել է, որ այս շաբաթ Թուրքիայի Ռիզեն քաղաք կատարած այցի ընթացքում քաղաքապետի հետ հանդիպումն ընթացել է բավականին լարված մթնոլորտում: Քաղաքապետը Իսրայելին մեղադրել է զավթողական քաղաքականություն վարելու մեջ: Դեսպանին անհանգստացրել է թուրք պաշտոնյայի նման վերաբերմունքը: Ներկա պահին Իսրայելը ջանքեր է գործադրում թուրք-իսրայելական լարված հարաբերությունները մեղմելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև ճգնաժամը սկսվել է 2009 թ. փետրվարի դավոսյան հայտնի իրադարձությունից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Իսրայելին մեղադրեց պաղեստինցիների նկատմամբ ոճրագործություն իրականացնելու մեջ: Դրանից հետո իսրայելա-թուրքական ճգնաժամը օրեցօր խորանում է: Այս տարի կտրուկ նվազել է Թուրքիա այցելող իսրայելցի զբոսաշրջիկների թիվը: Իսկ վերջերս թուրքական TRT հեռուստաալիքի կողմից ցուցադրվող հակաիսրայելական ուղղվածությամբ «Բաժանում» սերիալը լուրջ քննադատության է ենթարկվել Իսրայելում: Նույնիսկ Թել Ավիվի որոշ սրճարաններ հրաժարվել են վաճառել թուրքական սուրճը:
Իսրայելցի պաշտոնյաները մի քանի անգամ խորհուրդ են տվել Թուրքիայի նախագահին և վարչապետին չափավոր լինել իրենց հայտարարություններում: Մինչդեռ վերջիններս անտեսում են նախազգուշացումները:
ArmAr.am












