Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ ԱԳՆ. «Թուրքական «Սաբահ»-ը կեղծիքների թողարկման ոլորտում կրտսեր եղբորը գերազանցելու փայլուն օրինակ է մատուցում»

Նոյեմբեր 6, 2009թ. 11:14

Marsel PetrosyanԹուրքական «Սաբահ» (Sabah) թերթի հոկտեմբերի 20-ի համարում Նազըլ Յըլրջակի հեղինակությամբ տպագրվել է մի հոդված, որով «պարզվում է», որ դեռևս 11-րդ դարից մինչև 1800-ական թվականները Ղարաբաղը գտնվել է թուրքերի հպատակության ներքո: Այս հոդվածի առնչությամբ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը մեկնաբանություն է տվել:

«Նրանք թերևս մոռացել են ասել, թե ինչպես 11-րդ դարից մինչև 20-րդ դարի քսանական թվականները իրենց նախորդները քա~նի-քա~նի անգամ են Ղարաբաղում և նրա մատույցներում ջարդվել ու մազապուրծ ճողոպրել` առանց ետ նայելու»:

Ըստ Մարսել Պետրոսյանի,  այն, որ Ադրբեջանում պատմական փաստերի ու իրադարձությունների աղավաղման ու խեղաթյուրման հարցերում հսկայական փորձ են կուտակել, հանրահայտ իրողություն է:

«Եվ ահա` Ադրբեջանին սփոփելու նպատակով, թուրքական «Սաբահ»-ը կեղծիքների թողարկման ոլորտում կրտսեր եղբորը գերազանցելու փայլուն օրինակ է մատուցում` ապակողմնորոշելով և մոլորեցնելով իր բազմահազար ընթերցողներին: Թերթի խմբագրակազմը երևի թե լավ գիտե, որ իր ընթերցողները շատ հեռու են տարածաշրջանին առնչվող պատմական անցքերից: Այնպես որ, նրանց կարելի է հրամցնել ցանկացած անհեթեթություն, ինչպես, օրինակ, թեկուզ հետևյալ բնույթի այսպիսի մի ապատեղեկատվություն` Ղարաբաղը ինչ-որ ժամանակ եղել է Օսմանյան կայսրության կազմում, և երբ անցել է Ռուսաստանին, իբր նրա բնակչության ոչ ավել, ոչ պակաս` 95 տոկոսը կազմում էին թուրքերը: «Սաբահ» թերթի հիպերբոլիկ երևակայությունը սահմաններ չունի», -նկատել է ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը:

Վերջինիս համար զարմանալի է, որ թերթը անտեղյակություն է դրսևորել` հրապարակելով, թե Շուշիի թանգարանում պահվող հնագույն ձեռագրերը առևանգվել են հայերի կողմից: «Թերթը ավելորդ է համարում գրել, թե գիր չունեցող քոչվոր ցեղերը (այժմ` ադրբեջանցիները) հնագույն ժամանակներում ինչ գրերով են ստեղծել այդ ձեռագրերը կամ ինչի մասին են վկայում դրանք: Թերթը համառությամբ լռել է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի և այլ տասնյակ բնակավայրերի խաղաղ հայ բնակչության հանդեպ ադրբեջանցիների ցուցաբերած վայրագությունների մասին», -հավելել է Մարսել Պետրոսյանը:

«Թվում է` «Սաբահ» թերթը ադրբեջանական լրատվամիջոցներից վարակվել է ծերունական մարազմով, քանզի նման ախտանշաններն ակնհայտորեն առկա են: Այլապես այս կապակցությամբ գոնե մի աննշան մեջբերում կաներ Ադրբեջանի նախկին նախագահ, ոչ պակաս հայատյաց Այազ Մութալիբովից: Այնուհանդերձ, արժանին պետք է մատուցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներին, որոնք ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկներ էին արել: «Սաբահ»-ը միտումնավոր համր լռություն է պահպանում նաև այս ամենի շուրջ, իսկ դրա փոխարեն, իբր` իմիջիայլոց, գրում է.

«Գուցե Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը սկսի հեռուստասերիալ ցուցադրել Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի և Խոջալուի ջարդերի մասին»: Ինչ խոսք, առաջարկությամբ հանդես գալը չի կարելի մեղք որակել: Ճշմարտությունը խեղաթյուրելն է մեղք: Չենք կարծում, որ երբևէ «Սաբահ» թերթին կհաջողվի իր մեղքերի համար թողություն ստանալ: Չնայած դրան, այնուամենայնիվ, արժե ձգտել, թեկուզ հանուն ինքնամաքրման: Իսկ գուցե Թուրքիայի հանրային հեռուստատեսությունն այդ հեռուստասերիալների հեռարձակումը սկսի 1915 թվականի դեպքերի՞ց: «Սաբահ» թերթը երբևէ համարձակություն կունենա՞ հանդես գալ նման առաջարկությամբ:

Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի հանդեպ Թուրքիայի դիրքորոշմանը, ապա ԼՂՀ-ում դրան վերաբերվում են, անչափ մեղմ ասած, սառը անտարբերությամբ», -նշել է ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն