Գլխավոր » Վերլուծական, Ցեղասպանություն

«Բրիտանիայի կառավարության միակ քաղաքականությունն է եղել՝ խուսափել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ արդարացի պատասխաններ տալուց, որ ճշմարտությունը չվշտացնի թուրքական կառավարությանը»

Նոյեմբեր 6, 2009թ. 11:32

Harut SasunyanՀարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Իրավական հարցերով նշանավոր փորձագետ Ջեֆրի Ռոբերտսոնը այս շաբաթ բացահայտեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից արված մի շարք կեղծ և անստույգ հայտարարություններ: Միջազգային իրավաբանը ցույց տվեց, որ արտաքին գործերի նախարարությունը տարիներ շարունակ Հայոց Ցեղասպանության փաստերի առնչությամբ մոլորության մեջ է գցել բրիտանական պառլամենտին՝ թուրքական կառավարության բարեհաճությանը արժանանալու նպատակով:

Հանգամանորեն ուսումնասիրված քառասուն էջանոց այս զեկույցը, որը  պատվիրել է Լոնդոնի հայկական կենտրոնը, հիմնված է մինչև օրս գաղտնի փաստաթղթերի վրա, որոնք ձեռք են բերվել արտգործնախարարությունից՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքի շնորհիվ: «Եղել է, արդյո՞ք, Հայոց Ցեղասպանությունը» խորագրով զեկույցի հեղինակ պարոն Ռոբերտսոնը Սիեռա Լեոնեի հարցով ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով  դատարանի առաջին նախագահն էր:

Մի քանի ամիս շարունակ պարոն Ռոբերտսոնը ստիպված է եղել բազմիցս խնդրագրեր  ներկայացնել բրիտանական կառավարությանը` ներքին փաստաթղթեր ձեռք բերելու համար, որոնք արտգործնախարարությունը պարտավոր էր տրամադրել ըստ օրենքի: Ըստ արտգործնախարարության, որոշ փաստաթղթեր ընդհանրապես չեն տրամադրվել, իսկ մյուսները ի վերջո տրամադրվել են միայն մասնակիորեն ջնջելուց հետո՝ Թուրքիայի հետ Բրիտանիայի հարաբերություններին վնաս չհասցնելու համար: Իր զեկույցում պարոն Ռոբերտսոնը մեկնաբանում է, որ Հայկական կենտրոնը խնդրել է իրեն՝ «քննարկել բրիտանական կառավարության դիրքորոշումը, որը հրաժարվում է ընդունել, որ 1915-16 թթ. հայերի կոտորածները համարվում են ցեղասպանություն, և արդյո՞ք այսպիսի դիրքորոշում ունենալու պատճառները հիմնավորված են և համապատասխանում են միջազգային օրենքին»:

Ցավոք, ներկայում անգլիացի պաշտոնյաները մոռացել են իրենց կառավարության հռչակագրի մասին, որը Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ ընդունվել է 1915 թվականի մայիսի 28-ին՝ զգուշացնելով, որ  «հաշվի առնելով մարդկության և քաղաքակրթության դեմ գործած ոճիրը», երեք հզոր տերությունները պետք է պատասխանատվության ենթարկեն «օսմանյան կառավարության այն բոլոր անդամներին», ովքեր ներգրավված են եղել հայկական ջարդերում:

Վերջերս ձեռքբերված ներքին փաստաթղթերը բացահայտում են արտգործնախարարության ապակողմնորոշիչ, կեղծ և չարամիտ մտադրությունները: Արտգործնախարարությունը 1999 թվականին Եվրոպայի հարցերով պետնախարար Ջոյս Քվինին և այլոց հասցեագրած իր հուշագրում նշել է, որ բրիտանական կառավարության պարտավորությունների մեջ չի մտնում պարզել, թե որ  դեպքերն են որակվում որպես ցեղասպանություն: «Պատմության հետազոտումը, վերլուծությունը և մեկնաբանությունը պատմաբանների գործն է»:  Ի տարբերություն նրանց, փաստաբան Ռոբերտսոնը մատնանշում է, որ  կառավարության «հիմնական սխալն այն է», որը «իրավական խնդրի լուծումը դնում է պատմաբանների ուսերին»: Նա պարզաբանում է, որ «որոշել, թե ինչն է համարվում ցեղասպանություն, ըստ միջազգային օրենքի, դատարանի գործն է, և ոչ ամենևին` պատմաբաններինը: Պատմաբանները հաստատում են տվյալները, իսկ իրավաբանները պետք է դատավճիռ կայացնեն, թե արդյո՞ք այդ տվյալները վկայում են միջազգային իրավունքի խախտման մասին»:

Այդ նույն հուշագրում արտգործնախարարությունը հայտարարում է, որ փաստագրական վկայություններ չկան, որոնք ապացուցեն, որ հայերի զանգվածային սպանությունները պետական կանխամտածված   քաղաքականության արդյունք են: Պարոն Ռոբերտսոնն այս հաստատումն անվանում է «ևս մեկ շինծու խոսք, որը կանոնավորապես և հաճախակի հայտնվում է «արտգործնախարարության ներքին հաղորդակցություններում՝ «տեսակետ, ըստ որի, պետք է լինի ինչ-որ գրավոր փաստաթուղթ, որտեղ գրանցված լինի հայ ժողովրդի բնաջնջման մասին կառավարության կամ ղեկավարության որոշումը»: Պարոն Ռոբերտսոնը մատնանշում է, որ «նման փաստաթուղթ, իհարկե գոյություն չունի նաև Հոլոքոստի առնչությամբ»:

Պարզ է, որ արտգործնախարարությունը ավելի շատ մտահոգված է Հայոց Ցեղասպանության ճանաչման ներքին և արտաքին հետևանքներով, քան բուն  ցեղասպանության ոճիրով: Պարոն Ռոբերտսոնը մատնանշում է, որ հուշագիրը շարունակում է ցինիկաբար հաշվի առնել ցեղասպանության ճանաչման քարոզարշավի ազդեցությունը և նշում է, որ քարոզարշավն այս էտապում բավարար աջակցություն կամ ուղղվածություն չունի` լրջորեն  խանգարելու Նորին մեծություն կառավարությանը (Her Majesty’s Government)”:

Միաժամանակ արտգործնախարարությունն ավելի բարձր է գնահատում Թուրքիային հաճոյանալը, քան բարոյական հարցերը, որոնք ծագել են մի ողջ ժողովրդի բնաջնջման փորձից: «Նորին մեծություն կառավարությունը բաց է քննադատության համար բարոյական չափանիշների առումով»,- միանգամից ընդունում է արտգործնախարարությունը: «Սակայն, հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների (քաղաքական, ռազմավարական և առևտրային) կարևորությունը, և այն, որ ցեղասպանության ճանաչումը գործնականում ոչ մի օգուտ չի բերելու ո’չ Միացյալ Թագավորությանը կամ ջարդերից մի քանի դեռևս կենդանի մնացածներին, և ո’չ էլ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնմանը, ուստի Մեծ Բրիտանիայի ներկայիս դիրքորոշումը միակ իրատեսական տարբերակն  է»: Պարոն Ռոբերտսոնը հեգնանքով և միաժամանակ ցավով է նշում, որ  «Մասնավորապես այս  ցեղասպանությունը չի կարող ճանաչվել ոչ թե այն պատաճռով, որ այն տեղի չի ունեցել, այլ որովհետև քաղաքական և առևտրային տեսանկյունից հարմար չէ դա անել»:

Մեկ այլ կեղծ հիմնավորում ևս, դա արտգործնախարարության մի շարք հուշագրերում առաջ քաշված այն վիճելի հարցն է, որ ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանության  կոնվենցիան հետադարձ ուժ չունի, ուստի այն չի կարող կիրառվել Հայոց Ցեղասպանության դեպքում: Միջազգային իրավունքի բնագավառում բարձրակարգ փորձագետ պարոն Ռոբերտսոնն իսկույն չեղյալ է հայտարարում այս «վատ կետը», որովհետև «հետադարձ ուժի վերաբերյալ կանոնը կիրառվում է քրեական մեղադրանքների դեպքում՝ ընդդեմ այն ֆիզիկական անձանց, որոնց իրավախախտումները չեն հակասել օրենքին այն ժամանակ, երբ դրանք ենթադրաբար իրագործվել են: Ոչ ոք չի առաջարկում, որ պետք է քրեական մեղադրանքներ ներկայացնել վաղուց մահացած անձանց: Խնդիրը հետևյալն է. արդյո՞ք հայերի կոտորածները ճիշտ են բնութագրվում որպես ցեղասպանություն՝ ելնելով ՄԱԿ-ի կողմից 1948 թվականին ընդունված Կոնվենցիայի սահմանումից»:

Եվրոպայի հարցերով  Բրիտանիայի պետնախարար Ջոյս Քվինն այնքան էր զայրացել իր կառավարության՝ «ցեղասպանության ժխտման» ծայրահեղական կեցվածքից և ցեղասպանությունն իրականացնելու թուրքական մտադրությունների վերաբերյալ ապացույցների բացակայության պնդումներից, որ 1999 թվականի ապրիլի 13-ին արտգործնախարարությանն ուղղված իր հուշագրում մատնանշեց, որ մտադրությունների խնդիրը երբեք քննության չի առնվել  պետական պաշտոնյաների կողմից:

Ապա պարոն Ռոբերտսոնը իր զեկույցում ներկայացնում է մի դիվանագիտական սկանդալ` Հայաստանում Բրիտանիայի դեսպան Թորդա Աբոթ-Ուոթի մասին, ով 2004 թվականին Երևանում կայացած իր հարցազրույցի ժամանակ անամոթաբար կասկածի տակ առավ Հայոց Ցեղասպանության ճշմարտացիությունը: Նա հայտարարեց, որ Հայոց Ցեղասպանության ապացույցները «բավականաչափ հստակ չեն» դրանք որպես ցեղասպանություն բնորոշելու համար՝ ըստ ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի: Այն ժամանակ ես մի քանի հոդվածներ գրեցի, որոնց ի պատասխան` հազարավոր ընթերցողներ ամբողջ աշխարհից բողոքի նամակներով հեղեղեցին Բրիտանիայի և Հայաստանի արտգործնախարարությունները: Հայաստանի կառավարությունն, ի վերջո, բողոքի նոտա ներկայացրեց Մեծ Բրիտանիայի կառավարությանը: Պարոն Ռոբերտսոնն այդ վեճի մասին արտգործնախարարության կողմից գրված մի ներքին հուշագիր հայտնաբերեց, որով բրիտանական կառավարությունն առաջարկում էր պահպանել ժխտողական քաղաքականությունը, քանի որ Թուրքիան «դիվանագիտական հսկայական միջոցներ է հատկացնում յուրաքանչյուր հնարավոր ճանաչման դեմ և նա շատ խիստ կարձագանքի Միացյալ Թագավորության կողմից ճանաչման ցանկացած առաջարկի»:

Վերջերս բացահայտված հարյուրավոր էջանոց փաստաթղթերի զննության ժամանակ պարոն Ռոբերտսոն անսպասելիորեն բախվել է  արտգործնախարարության կողմից «ստորադասված և անտեսված հիշատակման»՝ «մի վավերական միջազգային ուսումնասիրության վերաբերյալ», որը հայկական զանգվածային սպանությունները որակել էր որպես Ցեղասպանություն: Այս եզակի  ուսումնասիրությունն իրականացվել է անգլիացի հատուկ զեկուցող Բենջամին Ուիտակերի կողմից 1985 թվականին՝ ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի պահանջով: Պարոն Ռոբերտսոնը ցավով տեղեկացավ, որ արտգործնախարարությունը մի հուշագիր է թողարկել՝ պետնախարարներին խորհուրդ տալով հաշվի չառնել ՄԱԿ-ի 1985 թվականի զեկույցը՝ նշելով, որ «տեղյակ չենք, թե այդ ժամանակից ի վեր այն հիշատակվել է ՄԱԿ-ի որևէ փաստաթղթում կամ համաժողովում»:

Անգամ եվրոպական մի շարք երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումից հետո, արտգործնախարարությունը շարունակում էր կառչած մնալ իր ժխտողական քաղաքականությանը՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Ջեֆ Հունին խորհուրդ տալով, որ «Թուրքիան շատ նյարդայնորեն է պաշտպանվում Ցեղասպանության մեղադրանքներից, չնայած այն հանգամանքին, որ դեպքերը տեղի են ունեցել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում՝ ի տարբերություն ժամանակակից Թուրքիայի: Պատերազմի ժամանակ շատ թուրքեր են զրկվել իրենց կյանքից, միաժամանակ մտահոգության տեղիք է տալիս փոխհատուցման պահանջը՝ թուրքերի կողմից ցեղասպանության մեղադրանքն ընդունելու դեպքում: Այս պաշտպանվածությունը նշանակում է, որ տարիներ շարունակ Թուրքիան իր երկրի ներսում խեղդել է բանավեճերը և դիվանագիտական զգալի ջանքեր է գործադրել հետագա հնարավոր ճանաչումները խափանելու համար»:

Վերջապես, երբ  2007 թվականին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև ընդունեց Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, Թուրքիայի արտգործնախարարությունն ահազանգող մի հուշագիր գրեց՝ իր մտահոգությունն արտահայտելով առ այն, որ այժմ «հայկական Սփյուռքի լոբբիստական մեքենան աշխարհով մեկ կսկսի գործել ամբողջ թափով»:

Պարոն Ռոբերտսոնը տասնամյակից ավելի վաղեմություն ունեցող ներքին փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա եզրակացնում է, որ Բրիտանիայի պետնախարարներին  արտգործնախարարության տված խորհուրդը «չի արտացոլում ո’չ ցեղասպանության օրենքը, ո’չ էլ 1915-16 թթ. բացահայտ իրողությունները, և նպատակաուղղված էր ապատեղեկացնելու պառլամենտին, թե իբր կատարվել է փաստարկների գնահատում և դատողություններ են արվել դրանց վերաբերյալ»:

Պարոն Ռոբերտսոնը նաև հաստատում է, որ «Բրիտանական պառլամենտը կանոնավորապես ապատեղեկացվել է նախարարների կողմից, ովքեր վկայակոչել են արտգործնախարարության ամփոփագրերը՝ առանց դրանց հավաստիությունը կասկածի տակ առնելու: Նորին մեծություն կառավարության որդեգրած միակ և իրական քաղաքականությունը եղել է՝ խուսափել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ արդարացի պատասխաններ տալուց, քանի որ ճշմարտությունը կվշտացնի թուրքական կառավարությանը»:

Հաշվի առնելով նման խախտումների և խեղաթյուրումների բացահայտումը, բրիտանական պառլամենտը պետք է պաշտոնական լսումներ անցկացնի և ուսումնասիրի այն բոլոր պաշտոնյաների վարքագիծը, ովքեր տասնամյակից ավելի կեղծ և ապակողմնորոշիչ տեղեկություններ են տրամադրել պառլամենտի անդամներին: Նրանք, ովքեր թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ կամ խառնված են բացահայտ կեղծ տեղեկություններ տրամադրելու գործում, նրանց նկատմամբ պետք է մեղադրանք առաջադրվի կամ պետք է հեռացվեն իրենց զբաղեցրած պետական պաշտոններից:

Բացի այդ, նշանավոր միջազգային իրավաբան Ռոբերտսոնին պետք է խնդրել դատական հայց ներկայացնել թուրքական կառավարության դեմ բրիտանական դատարաններում, և որ ավելի կարևոր է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Այս չափազանց արժեքավոր զեկույցը պետք է թարգմանվի մի շարք հիմնական լեզուներով և տարածվի աշխարհով մեկ:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր


Դիտել Վերլուծական, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն