Ավ. Իսահակյանի կիսանդրին` Բեյրութի կենտրոնական հրապարակում
Հայ մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի կիսանդրին կտեղադրվի Բեյրութում: Ինչպես հայտնել է Հայաստանում Լիբանանի դեպան Գաբրիել Ժարան, հայտնի բանաստեղծի կիսանդրին Լիբանանում ունենալու միտքը հուշել է կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը: Դեսպանը խոսել է նաեւ Լիբանանի մշակույթի նախարարի հետ, եւ միտքն արժանացել է վերջինիս հավանությանը: Նույն գաղափարն արծարծվել է նաեւ Բեյրութում կայացած գրողների համահայկական համաժողովում:
«Արդեն դիմել ենք գործնական քայլերի, որպեսզի Բեյրութի կենտրոնական հրապարակներից մեկում բարձրացվի Ավ. Իսահակյանի կիսանդրին: Այս գրողի ընտրությունը պատահական չէ. շատ ընդհանուր բաներ կան Իսահակյանի եւ արեւելյան փիլիսոփայության միջև: Հուսով եմ, որ Իսահակյանի պոեզիան մեծ ընդունելություն կգտնի մեր երկրում, խորհրդանշելով մեր երկու ժողովրդների բարեկամությունը, այնպես ինչպես այդ բարեկամությունը խորհդանշում է նաեւ Երեւանում տեղադրված փիլիսոփա, բանաստեղծ Ժբրան Խալիլ Ժբրանի կիսանդրին»,-ասել է Լիբանանի դեպանը: Նշենք, որ արդեն վեցերորդ անգամ լինելով Գյումրիում` դեսպանը եւս մեկ անգամ հնարավորություն է ունեցել ծանոթանալու ինչպես Գյումրիի, այնպես էլ Շիրակի մարզի մշակութային անցուդարձին: Նա մասնակցել է նաեւ Գյումրիի` Ավ. Իսահակյանի անվան թիվ 26 դպրոցում կազմակերպված` Ժ. Ժբրանին նվիրված միջոցառմանը:
ArmAr.am












