Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական

Կնճիռ` ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում

Նոյեմբեր 6, 2009թ. 10:56

42804598Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության պաշտոնական կայքը նոյեմբերի 2-ին տեղեկություն տարածեց, ըստ որի ԱՄՆ-ը Ադրբեջանին զգուշացրել է, որ եթե վերջինս Լեռնային Ղարաբաղում փորձի ռազմական գործողություն իրականացնել, ապա ԱՄՆ-ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Աղբյուրի համաձայն, զգուշացումն արվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Կայդենաուի միջոցով («news.am», 03.11.2009):

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերրի Դևիդսոնը նոյեմբերի 4-ին հերքել է այդ տեղեկությունը` հայտարարելով, որ Թինա Կայդենաուն այդ բանը չի ասել, նա հայտարարել է միայն, որ ԱՄՆ-ը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է:

Սակայն ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթը նոյեմբերի 4-ին պնդել է, որ ԱՄՆ-ը այդպիսի զգուշացում արել է: «Պաշտոնական Բաքուն նույնիսկ չի փորձում քողարկել ԱՄՆ-ի վարչակարգի վրա բարկացած լինելը»,– գրում է «Նովոյե վրեմյան»: Թերթը ահազանգում է, որ «Ադրբեջանը ԱՄՆ-ի նոր վարչակարգում կորցնում է ազդեցության բոլոր ուղիները, նրան լքում են նույնիսկ հին բարեկամները»:

Ադրբեջանական «Զերկալոն»  նույնպես անդրադառնում է ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում  գոյություն ունեցող կնճիռներին: Թերթը նախ ուշադրություն է հրավիրում ԱՄՆ-ի հանրապետականների միջազգային ինստիտուտի Բաքվի գրասենյակի` նոյեմբերի 30-ից փակվելու խնդրի վրա: Երկրորդ` հիշեցնում է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ԱՄՆ-ը Ադրբեջանում դեսպան չունի. չկա նույնիսկ  դեսպանի թեկնածու, դեռ ավելին, վերջինիս առաջադրման գործընթացը չի էլ սկսվել: Եվ սա այն դեպքում, երբ տարածաշրջանում կատարվում են աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ, որոնք շոշափում են ԱՄՆ-ի շահերը:

«Միանգամայն հնարավոր է, որ Բարաք Օբամայի վարչակազմը ոչ մի կերպ չի կարողանում հստակեցնել պաշտոնական Բաքվի նկատմամբ իր քաղաքականությունը»,– գրում է թերթը և հիշեցնում, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախօրեին Ադրբեջանի համակրանքը Օբամայի հակառակորդների կողմն էր:

Բացի դրանից, այս տարվա ապրիլին Իլհամ Ալիևը մերժեց ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնի և Թուրքիայի նախագահի` Ստամբուլ այցելելու, նաև` նախագահ Օբամայի հետ հանդիպելու հրավերը: «Այս փաստերը կարող են անուղղակիորեն վկայել երկու երկրների միջև փոխվստահելի հարաբերությունների բացակայությունը»,– եզրակացնում է «Զերկալոն»:


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն