Գլխավոր » Լրահոս

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը ԱՄՆ

Նոյեմբեր 6, 2009թ. 15:00

Tigran SarkisyanՀՀ կառավարության ղեկավարը Միացյալ Նահանգներում մասնակցում է  «Արմթեք 2009» համաժողովին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության  լրատվական ծառայությունից, նոյեմբերի 5-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններից մեկը Ստենֆորդի համալսարան: Կառավարության ղեկավարը եղել է SLAC գծային արագացուցչի կենտրոնում, շրջել է գիտական կենտրոնի մասնաճյուղերում ու լաբորատորիաներում, ինչպես նաեւ հանդիպել է Ստենֆորդի հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ:

Միության ներկայացուցիչները կառավարության ղեկավարին պատմել են կազմակերպության գործունեության, նպատակների ու խնդիրների մասին: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացմանը, ենթակառուցվածքների զարգացման հիմնախնդիրներին, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին ու հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հնարավոր զարգացումներին:

Տիգրան Սարգսյանը կարևորել է աշխարհի լավագույն համալսարաններում սովորող հայ ուսանողների մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության հետագա խորացումը:

Վարչապետը եղել է նաև “Sequoia Capitals” ընկերությունում, հանդիպել է ընկերության ղեկավարների հետ:

Այնուհետև վարչապետը այցելել է «Միացյալ նահանգների վենչուրային գործընկերներ» հաստատություն, որտեղ վենչուրային ճյուղի գործարարների հետ քննարկել է Հայաստանում վենչուրային կապիտալի զարգացման հնարավորությունները:

Գործարարները նշել են, որ հատկապես վենչուրային կապիտալը Հայաստանում կարող է հաջողություններ ունենալ, որոնք ապահովելու համար անհրաժեշտ է որոշակի աշխատանք իրականացնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Էկոնոմիկայի նախարարության համակարգում ներգրավված ոլորտի պատասխանատուների վերապատրաստման կազմակերպման հնարավորությունների մասին:

Տիգրան Սարգսյանը եղել է նաև Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում, հանդիպել ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Աննա Լի Սաքսենյանի, ինչպես նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Այնուհետև գործադիրի ղեկավարը ելույթով ողջունել է «Հայաստանի մրցունակության օրակարգը» խորհրդաժողովի մասնակիցներին: Տիգրան Սարգսյանը խոսել է ժամանակակից աշխարհում ընթացող զարգացումների, ինչպես նաև «Հայկական աշխարհի» հայեցակարգի կիրառության մասին: ՙՀայկական աշխարհն ունի հատուկ համեմատական առավելություններ, որ արտահայտվում են գլոբալ մակարդակով ինքնակազմակերպման ցանցային կառուցվածքով, ինչի շնորհիվ այն կարող է կարևոր դերակատարություն ունենալ առավել բազմազան, բազմամշակութային ու բազմադիսցիպլինար ցանցերում, ասել է ՀՀ վարչապետը: Մեր խնդիրն է բաց լինել այն նոր գիտելիքի նկատմամբ, որ մեզ հնարավորություն է տալիս մուտք գործել նշված համակարգեր ու դառնալ Հայաստանը հետինդուստրիալ հասարակություն դարձնելուն օժանդակողներ՚:

Վարչապետը նշել է, որ հայկական աշխարհի հայեցակարգի դրսևորումներից մեկն էլ ՙԼույս՚ հիմնադրամի հիմնադրումն է: Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է ազգային մրցունակության խորհրդի գործունեությանը, կառուցվածքին ու խնդիրներին:

Տիգրան Սարգսյանը խոսել է նաև ՀՀ կառավարության հակաճգնաժամային  միջոցառումների մասին. «Ճգնաժամը հաղթահարելու մեր ռազմավարությունն ունի երկու հիմնական բաղկացուցիչ: Առաջինը` կարճաժամկետ ու միջնաժամկետ միջոցառումներն են, որոնք մեղմում են ճգնաժամն ու խթանում են տնտեսությունը, իսկ  կառավարությունն ավելի  թիրախավորված է կատարում բյուջետային ծախսերը: Ճգնաժամն առավել պարզ վեր հանեց Հայաստանի տնտեսության թույլ կողմերը, որոնց հաղթահարմանն ակտիվորեն անդրադառնում ենք: Բայց այն նաև ցույց տվեց մեր չօգտագործված ներուժը խթանելու հնարավորությունները: Այդպիսով, մեր հակաճգնաժամային ծրագրի երկրորդ բաղկացուցիչը դառնում է ապագայի մեջ ներդրումն ու համագործակցության համար հնարավորությունների ստեղծումը»:

Այնուհետև կառավարության ղեկավարը վերադարձել է Սան Հոզե, որտեղ նոյեմբերի 6-ին մենկարկելու է ՙԱրմթեք 2009՚ համաժողովը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն