Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա չի ազդի ռուս-ադրբեջանականը

Նոյեմբեր 6, 2009թ. 17:48

Sergei ShaqaryancԱրևմտամետ որոշ քաղաքագետների կողմից կատարված դիտարկումների համաձայն` ղարաբաղյան գործընթացի վրա ազդող միակ կարևոր գործոնը կարող են դառնալ Ռուսաստանի քաղաքականության մեջ տեղի ունեցող հնարավոր փոփոխությունները, որոնք կհանգեցնի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը, արդյունքում` Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ավելի չեզոք դիրք կընդունի։ Նրանց համոզմամբ, եթե   Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրում փոխի իր քաղաքականությունը, Հայաստանը որևէ պատասխան կամ հակակշիռ քայլ չի կարող ունենալ, քանզի դրան ամենևին պատրաստ չէ:

ArmAr.am-ի լրագրողի այն հարցին, թե ինքանո՞վ են իրատեսական նման դիտարկումները, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց, որ ռազմավարական ընթացիկ պահի դրությամբ Ռուսաստանը որ երկրի հետ էլ  ցանկանա կարգավորել իր հարաբերությունները, դա  ոչ մի կերպ չի կարող ազդել Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների զարգացման վրա, և դա ոչ մի կերպ չի առնչվի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին` Ռուսաստանի մասնակցության հետ։

«Եթե խոսքն այն մասին է, թե Հայաստանն ինչ պետք է հակադրի Ռուսաստանին, ես, որպես փորձագետ, ասում եմ` մենք ոչ մի փաստարկ չունենք, բացի այն, որ համոզված ենք, որ որոշ հարցերում Ռուսաստանը համագործակից է և՜ Եվրամիությանը, և՜ ԱՄՆ-ին։ Հակառակ դեպքում՝ դժվար թե կարողանային որևէ կերպ դիմակայել կամ հակադրվել Ռուսաստանին։ Այսօր, եթե ադրբեջանցիները փորձում են ինչ-որ սակարկությունների գնալ որևէ մեծ տերության հետ, ապա Ադրբեջանն ուղղակի դատապարտված է տապալման, քանի որ մեծ տերությունները երբեք հաշվի չեն նստի ադրբեջանական նեղ շահերի հետ։ Սա վերաբերում է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այստեղ գործում են տխրահռչակ մադրիդյան սկզբունքները, ինչը Մինսկի խմբի որևէ համանախագահի թույլ չի տա դուրս գալ այդ շրջանակից»,- պարզաբանում է քաղաքագետը։

Ս. Շաքարյանցը որևէ վտանգ չի տեսնում Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների սերտացումից: «Որովհետև գերտերությունները պայանավորվում են Թուրքիայի և ոչ թե Ադրբեջանի հետ։ Որովհետև Ադրբեջանն իր ստեղծմամբ պարտական է թուրքերին՝ օսմաններին։ Ահա թե ինչու ես բացառում եմ, որ Ռուսաստան-Ադրբեջան կապերի վերահաստատման դեպքում այն կարող է բացասական դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Մենք Ռուսաստանի հետ փոխկապված ենք այն «մեծ» պայմանագրով` ռազմավարական գործընկերության, որը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել։ Դա նշանակում է, որ Հայաստանը միշտ կարող է իր գործընկերոջից պահանջել, որ կատարվեն բոլոր պարտականությունները, որոնք, ըստ պայմանագրի, ստանձնել է Ռուսաստանը»,- եզրափակեց քաղաքագետը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն