Եվրամիությունը բողոքի նոտա է հղել Թուրքիային
Ինչպես հայտնում է թուրքական CNNturk-ը, չնայած Եվրամիության բողոքի նոտաներին, Սուդանի ղեկավարը ժամանում է Թուրքիա։ Եվրամիությունը բողոքի նոտա է հղել Թուրքիային, որովհետև վերջինս չի ցանկանում ձերբակալել այդ երկիր այցելող Սուդանի ղեկավար Էլ Բեշիրին։ ԵՄ-ն հիշեցնում է, որ կա Միջազգային քրեական դատարանի՝ կալանավորման վճիռը, իսկ Թուրքիան Եվրամիության անդամակցության ճանապարհին այդ որոշումը պետք է ի նկատի ունենա։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, մեկնաբանելով ԵՄ-ի բողոքի նոտան, հայտարարել է. «Նրանք ինչո՞ւ են խառնվում։ Էլ Բեշիրը գալու է Թուրքիա զուտ «Իսլամական կոնֆերանս» միության շրջանակներում կազմակերպվելիք համաժողովին մասնակցելու։ Սա երկկողմ այցելություն չէ, եւ դրանում է տարբերությունը»,-ասել է Աբդուլահ Գյուլը։
Միջազգային քրեական դատարանը 2009 թվականի մարտի 4-ին վճիռ է կայացրել ձերբակալել Սուդանի նախագահ Օմեր Էլ Բեշիրին՝ Դարֆուրում իրականացրած մարդկության դեմ հանցանքի՝ ցեղասպանության համար։ ՄԱԿ-ի տվյալներով Դարֆուրում չորս տարի տեւած քաղաքացիական պատերազմում 200 հազար մարդ է սպանվել, եւ միլիոնավոր մարդիկ զրկանքներ են կրել։
ArmAr.am












