Կայուն զարգացման ծրագրի անդրանիկ նիստը` կառավարությունում
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ծրագրի (ԿԶԾ) իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Համակարգող խորհրդի աշխատակարգը և կազմը, որտեղ ներկայացված են ՀՀ գործադիր, օրենսդիր մարմինների 10 և քաղաքացիական հասարակության 11 ներկայացուցիչներ։ Ընդ որում, վերջիններս ընգրկված են Ծրագրի կառավարման բոլոր մարմիններում` գերակշիռ մասնակցության սկզբունքով։ Համակարգող խորհրդի աշխատանքներին մշտապես մասնակցում են Հայաստանում ներկայացված հիմնական միջազգային դոնոր կառույցների ներկայացուցիչները։
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «2010-2011թթ. քաղաքականությունների կարճաժամկետ ծրագրին»։ Առաջարկվել է, հիմք ընդունելով ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ Կայուն զարգացման ծրագրով եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրերով նախատեսվող բարեփոխումների ուղղությունները, մշակել «2010-2011թթ. քաղաքականությունների կարճաժամկետ ծրագիր»։ Այն կապահովի սոցիալ-տնտեսական պլանավորման հենք` կառավարության առանձին ոլորտային ծրագրերի եւ ՀՀ պետական բյուջեի մշակման համար։ Այն, հանդես գալով որպես Կայուն զարգացման ծրագրի հավելված, կամփոփի հակաճգնաժամային քաղաքականությունները եւ հիմք կհանդիսանա գալիք ՄԺԾԾ-ի եւ պետական բյուջեի համար։
Նախատեսվում է, որ «2010-2011թթ. քաղաքականությունների կարճաժամկետ ծրագիրը» կունենա առավելապես ռազմավարական բնույթ։ Ծրագրի մշակումը եւ իրագործումը կիրականացվի ԿԶԾ կառավարման համակարգի ներքո, ինչը ենթադրում է մասնակցային եւ հաշվետվողական սկզբունքների կիրառում։ Այդ աշխատանքներում ակնկալվում է քաղաքացիական հասարակության եւ դոնոր հանրության աջակցությունը։
Նիստում քննարկվել եւ հաստատվել է նաեւ Կայուն զարգացման ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի կազմը եւ աշխատակարգը։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակը Ծրագրի իրականացման ընթացիկ աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու դրա մոնիտորինգի ապահովումն է։ Աշխատանքային խմբում ընդգրկվել են կառավարման մարմինների 9-ը եւ քաղաքացիական հասարակության 10-ը ներկայացուցիչներ։ Աշխատանքային խումբը կղեկավարի ՀՀ Էկոնոմիկային նախարարի տեղակալը։
Նիստում ամրագրվել է պետական կառավարման մարմինների կոլեգիալ խորհրդակցական մարմիններում քաղաքացիական համագործակցության ցանցի ներկայացուցիչների ներգրավման հարցը եւս։
Այնուհետ խորհուրդն ի գիտություն է ընդունել Կայուն Զարգացման Ծրագրի եւ Եվրոպական Հարեւանության Քաղաքականության գործողությունների ծրագրի մոնիտորինգի եւ գնահատման համակարգերի միասնականացման եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված սխեմայի առաջարկը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հնչեցված համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պատճառների եւ հաղթահարման ուղիների վերաբերյալ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի զեկույցը։
Թեգեր` Համակարգ












