Գլխավոր » Լրահոս

Սեյրան Օհանյանն ընդունել է Սիմոնսին

Նոյեմբեր 6, 2009թ. 19:45

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության, միջազգային անվտանգության և կայունության հաստատման, ՆԱՏՕ-ի գործողություններին զինված ուժերի մասնակցության, ԼՂ հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման համատեքստում տարածաշրջանային զարգացումների հետ կապված հարցեր:

Ռ. Սիմոնսն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի իշխանություններին` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի գործողություններին զինված ուժերի մասնակցության պատրաստակամության համար` ընդգծելով, որ դա կնպաստի Դաշինքի ուժերի հետ զինված ուժերի փոխգործունակության բարելավմանը, ինչպես նաև հարավկովկասյան երկրներում միջազգային անվտանգության և կայունության հարցերում համանման մոտեցումների ձևավորմանը:

Կողմերը կարևորել են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանն ուղղված ջանքերը` եզրահանգելով, որ դրանք անկասկած նպաստելու են ամբողջ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին` Ռ. Սիմոնոսն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի քաղաքական ղեկավարությունը հիմնախնդրի հանգուցալուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` բացառելով ուժի կիրառումը:

Նշենք, որ հանդիպմանը կողմերը քննարկել են նաև ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացման, ռազմակրթական համակարգի բարեփոխման, Պաշտպանության նախարարությունում քաղաքացիական ծառայողների ինստիտուտի ներդրման, ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր հայեցակարգի մշակման գործում գործընկեր երկրների ներգրավման, ինչպես նաև ՀՀ-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի»` պաշտպանության նախարարությանն առնչվող այլ հարցեր:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն