Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խնդիրը երրորդ երկրների դիտակետից
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆԻ հոդվածաշարը
ՎՐԱՍՏԱՆ
Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակումը ակնհայտորեն ձեռնտու է Վրաստանին: Ինքը դառնում է /արդեն դարձել է/ տարանցիկ երկիր թե միջինասիական ու կասպիական նավթի ու գազի, թե Թուրքիայից դեպի ՀՀ եկող այն ապրանքների համար, որոնք հեղեղել են երևանյան շուկաները: Եթե դրան գումարենք, որ Վրաստանով է գալիս նաև Եվրոպայից ու Ռուսաստանից մեզ հասնող ապրանքների մի զգալի մասը, ապա պարզ կդառնա, թե ինչ առավելություններ է ստանում Վրաստանը որպես Հայաստանի համար տարանցիկ երկիր: Սակայն կա նաև հարցի քաղաքական կողմը: Փակ սահմանի դեպքում Վրաստանը դառնում է տարածաշրջանային երկխոսության վայր, միջազգային տարբեր կազմակերպությունների «կայանատեղի» (որ նույնպես ֆինանսապես ձեռնտու մի բան է): Դրանով Վրաստանը ստանում է նաև քաղաքական դիվիդենտներ` մի տեսակ դառնալով միջնորդ երկիր մի կողմից Թուրքիայի ու Ադրբեջանի և մյուս կողմից` Հայաստանի Հանրապետության միջև:
Սահմանների բացմամբ Վրաստանի դերը տարածաշրջանային որոշակի հարցերում կարող է և նվազել: Ասենք, էներգակիրների տարանցիկ երկիր կարող է դառնալ նաև Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային կազմակերպություններն այլևս Հայաստանի Հանրապետությանը չեն նայի որպես շրջափակման մեջ գտնվող երկիր: Տարածաշրջանային միջավայրի փոփոխությունը կբարձրացնի Հայաստանի Հանրապետության դերը տարածաշրջանում` ակնհայտորեն ի հաշիվ Վրաստանի (գուցե և Ադրբեջանի):
Սակայն դա չէ այն գլխավոր վտանգը, որ Թբիլիսին տեսնում է փակ սահմանի բացման հեռանկարում: Վրաստանի մտավախությունը կապված է այն բանի հետ, որ սահմանի բացումը կազատի Հայաստանին Վրաստանից (որպես սնուցման գլխավոր երակից) կախված լինելու հանգամանքից: Թբիլիսիում հաստատ մտածում են, որ դա կարող է Երևանի ձեռքերն ազատել հայ-վրացական հարաբերությունների շատ ու շատ հարցերում, որոնցում վերջինս ստիպված է ավելի մեղմ ու համաձայնվողական կեցվածք ունենալ փակ սահմանի պայմաններում: Սա է Վրաստանի համար Հայաստանի բաց սահմանից եկող գլխավոր անցանկալի հեռանկարը:
Կա նաև հարցի երկրորդ կողմը, բայց այս անգամ` կապված նոր պայմաններում Վրաստանի համար ռուսական վտանգի հնարավոր ուժգնացման հետ: Թբիլիսիում կարող են մտածել, որ Ռուսաստանի ձեռքերը ևս կազատվեն, եթե նա ինչ-որ մտադրություններ ունի Վրաստանի հանդեպ: Նա կարող է իր հակավրացական քաղաքականությունը իրագործել այլևս առանց լրջորեն հարվածելու իր հենարան-երկրի` Հայաստանի կենսական շահերին:
Վրաստանի վերաբերմունքը Թուրքիա-Հայաստանի Հանրապետություն սահմանի վերաբացման կապակցությամբ անմիջական առնչություններ ունի նաև Կարսի պայմանագրի հետ: Բանն այն է, որ Կարսում կատարված գործարքով Աջարիան Վրաստանի սուվերենությանը հանձնելու գինը եղել է արդեն Բաքվի իսկ կողմից Խորհրդային Հայաստանի մաս ճանաչված Նախիջևանի հանձնումը Խորհրդային Ադրբեջանի հովանավորությանը: Դա է եղել ռուս-թուրքական առևտրի իմաստը: Պարզ է, որ Կարսի գործարքի արդյունքում Վրաստանը շահել է, և այսօր նրան ձեռնտու չէ այդ պայմանագրի վերանայումը: Ահա թե ինչու 2004-ին Թբիլիսիում Կարսի պայմանագրի շուրջ կազմակերպված քննարկումներում վրացի փորձագետները հակված են եղել հնացած (ուրեմն և ուժը կորցրած) համարել այդ փաստաթուղթը, հակառակ այն բանի, որ պայմանագիրը ուժի մեջ էր դիտվում թե Թուրքիայի, թե Ռուսաստանի Դաշնության կողմից: Միանգամայն հասկանալի մոտեցում: Թբիլիսին մտավախություններ ունի, որ Աջարիան կարող է դառնալ կռվախնձոր, որ նրա պատկանելությունը Վրաստանին կարող է դառնալ վեճի առարկա: Հարաբերությունների սրման դեպքում Թուրքիան չի հապաղի իր իրավունքները վերականգնել Աջարիայի նկատմամբ` օգտվելով հենց Կարսի պայմանագրից, հակառակ այն բանի, որ այսօր նա Վրաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու հայտարարություններ է անում: Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման հետ կապված Վրաստանի գլխավոր մտահոգությունն, այսպիսով, այն է, որ այդ գործընթացը կարող է բացահայտել Աջարիայի նկատմամբ Վրաստանի իրավունքների իրավաբանորեն կասկածելի կողմերը, քանի որ պայմանագիրը իր կնքման պահին անվավեր համարելու հնարավոր փաստը կարող է տարածաշրջանը ետ տանել դեպի դարասկիզբ, երբ Վրաստանը ինքնիշխանություն չի ունեցել Աջարիայում:
Եթե ի մի բերվեն վերը նշված նկատառումները, ապա պարզ կդառնա, թե սահմանների բացման համատեքստում ինչ ստորջրյա խութեր են առկա հայ-վրացական հարաբերություններում: Դրանք դեռևս կարոտ են լուրջ ուսումնասիրությունների ու գնահատումների:












