ԲԱՐԵԲԵՐ ՀՈՂԸ ԿԱՐ, ՋՈՒՐՆ ԷԼ ՍՏԱՑԱՆ
Օրերս Մարտակերտի շրջանի Թբղլու գյուղի բնակիչների համար իրականություն դարձավ այն, ինչը մինչև վերջերս անհավանական էր թվում. Խաչենի կենարար ջուրը նոր ջրագծով ինքնահոս հասավ Թբղլուի դաշտերը:
Նոր ջրագծի կառուցումը որքան երազելի, նույնքան էլ անսպասելի էր: Թբղլուի հողատարածքները գտնվում են Խաչեն գետի մակերևույթից մոտ 27 մ բարձրության վրա: 2008 թվականին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, այցելելով գյուղ և անձամբ համոզվելով, որ ոռոգման համակարգի բացակայությունը գյուղի զարգացման համար լուրջ խոչընդոտ է, խոստացավ` նոր ջրագիծ կառուցել: 2008-ի դեկտեմբերին մեկնարկեց Խաչեն-Թբղլու 6 կմ ջրագծի կառուցումը: «Խոստացավ ու կատարեց»,- ասում է ամեն տեսակ խոստումներից թերահավատ Թբղլու համայքի ղեկավար Սանասար Հարությունյանը:
Գյուղի բնակիչներից Ազատ Բեգլարյանը 72 տարեկան է: Նա, ինպես և իր բոլոր մեծ ու փոքր համագյուղացիները, ցնծություն էր ապրում: Խաչեցիների երազանքը կատարվել է` ջուրը հոսում է դեպի գյուղ: Ջրագծի կառուցման համար պահանջվել է մոտ` 76 մլն:
Ջրագծի ջրընդունիչ հիդրոհանգույցը գտնվում է հարևան Վանք գյուղի հարավային մասում` Գառնաքարի կամրջի հարևանությամբ: 250 մմ տրամաչափով, 50 լիտր-վայրկան ջրողունակությամբ ջրագիծը, մասնագետների հավաստմամբ, կապահովի Թբղլուի բոլոր` 59 ընտանիքներին պատկանող 120-130 հա սեփականաշնորհած հողատարածքները: Ջրագծի նախագիծը կազմել է «Մոնոլիտ» ՓԲԸ-ն, շինարարությունն իրականացրել է «Սֆինքս» ընկերությունը: Մարտակերտի շրջվարչակազմի պատասխանատուներն ու մայրաքաղաքից ժամանած մասնագետները շինարարության որակի հարցում միակարծիք են. «Ամեն ինչ կատարվել է նախածի համաձայն»,- ասում է ԼՂՀ ԿԱ ջրային տնտեսության վարչության պետ Սեյրան Միքայելյանը:
Իսկ Թբղլուի բնակիչ Ազատ Բեգլարյանը գյուղ հասած ջուրը գյուղացիների եկամտի և գյուղի բարգավաճման նոր հնարավորություն է համարում. բարեբեր հողը կար, ջուրն էլ ունեցան:
Ջրային տնտեսության վարչության պետի խոսքերով` հանրապետությունում ոռոգման համակարգի բարելավմանն ու ընդլայնմամանն ուղղված աշխատանքները կշարունակվեն:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ստեփանակերտ












