Ֆրանսիայի սոցիալիստների նախագահը թուրքին ստիպել է ընդունել Հայոց Ցեղասպանությունը
Ֆրանսիայի Լիոն քաղաքում 2008 թ. տեղական ինքնավարության մարմինների ընտրությունների ընթացքում սոցիալիստների և կանաչների կողմից թեկնածու առաջադրված ազգությամբ թուրք Բասքն Օրանի դուստրը` Սըրմա Օրան Մարթսը, ասել է, որ սոցալիստների նախագահ Ժան Պոլ Բրետը իր հորից պահանջել է` կամ ընդունել Հայոց Ցեղասպանությունը, կամ էլ հանել թեկնածությունը: «Եվ հայրս ստիպված էր հրաժարվել ընտրապայքարից»,- ասել է Բասքն Օրանի դուստրը:
Ի դեպ, այդ մասին նա հայտարարել է Լիոնում սկսված դատավարության ընթացքում. տեղեկացնենք, որ Բասքն Օրանը Ժան Պոլ Բրետի դեմ հայց է ներկայացրել դատարան` վերջինիս մեղադրելով իր վրա ճնշում գործադրելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Հյուրիեթ» թերթը, դատական որոշումը հրապարակվելու է 2010թ. հունվարի 5-ին:
Դեպքի շուրջ այսօր արդեն բուռն քննարկումներ են ընթանում: Եթե ֆրանսաբնակների մի մասն այն կարծիքին է, որ ցանկացած մարդ կարող է իր տեսակետն ունենալ և պետք չէ նրան այլ կարծիք պարտադրել, և խնդիրը դիտում են խոսքի ազատության տեսանկյունից, ապա ոչ պակաս մեծ թիվ են կազմում այն ֆրանսիացիները, ովքեր հայտարարում են, որ «Հայոց Ցեղասպանությունը կատարված փաստ է, և ոչ ոք իրավունք չունի այն կասկածի տակ դնելու»: Թե դատական գործընթացն ինչ ավարտ կունենա, այսօր դեռ դժվար է ասել: Սակայն նկատենք, որ, ի տարբերություն Շվեյցարիայի, Ֆրանսիայում չի գործում Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժող օրենքը:
ArmAr.am












