Գլխավոր » Լրահոս

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին կմեկնի Հունգարիա

Նոյեմբեր 7, 2009թ. 16:29

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով կմեկնի Հունգարիայի Հանրապետություն:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ԱԺ-ի հայ-հունգարական բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նոյեմբերի 8-ի երեկոյան ՀՀ Նախագահը կժամանի Բուդապեշտ:

Նոյեմբերի 9-ին Հունգարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Լասլո Շոլոմի առանձնազրույցը: Դրանից հետո նախագահների մասնակցությամբ տեղի կունենա պավիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Երկու երկրների կառավարությունների միջեւ կստորագրվեն համագործակցության մի շարք համաձայնագրեր:

Այնուհետեւ Հայաստանի Հանրապետության եւ Հունգարիայի Հանրապետության նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Նույն օրը Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Հունգարիայի խորհրդարանի նախագահ Բելա Կատոնայի հետ:

Բուդապեշտում Սերժ Սարգսյանը կայցելի Հերոսների հրապարակ, որտեղ ծաղկեպսակ կդնի հուշահամալիրում: Պետեֆի հրապարակում ՀՀ Նախագահը ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի խաչքարին:

Օրվա ավարտին Հունգարիայի նախագահ Լասլո Շոլոմի անունից ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կտրվի պետական ճաշ:

Նոյեմբերի 10-ին Նախագահ Սարգսյանը կհանդիպի Կարդինալ Պետեր Էրդոյին եւ  Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնային, ապա եւ` հայ-հունգարական գործարար համաժողովի մասնակիցներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ Բուդապեշտի տեսարժան վայրեր:  ՀՀ Նախագահը Հունգարիայի նախագահի հետ շրջայց կկատարի Բուդապեշտի ռազմական պատմության թանգարանում:

Օրվա երկրորդ կեսին Նախագահ Սարգսյանը ՌԴ Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսի հրավերով Բուդապեշտից կարճատեւ աշխատանքային այցով կմեկնի Կալինինգրադ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն