Ցեղասպանություն իրականացրած երկիրը թիկունք է կանգնում իր նմաններին
Այսօր Ստամբուլում մեկնարկել է «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության տնտեսական և առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը: Հանդիպմանը հրավիրվել են ինչպես կազմակերպության, այնպես էլ 62 դիտորդ երկրների ղեկավարներ և տնտեսության գծով պատասխանատուներ: Բացման խոսքով հանդես է եկել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Նա կոչ է արել բոլոր իսլամական երկրներին` միավորվել և ստեղծել ընդհանուր տնտեսական դաշտ:
Սպասվում է, որ նիստին կմիանա նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, որը հանդիպելու է իր թուրք գործընկերոջ հետ: Միաժամանակ, «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության տնտեսական և առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստի շրջանակներում Թուրքիա է ժամանել Սուդանի նախագահ Օմեր էլ-Բեշիրը:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը և մի շարք միջազգային կառույցներ Թուրքիայից պահանջել են չընդունել Սուդանի նախագահ Օմար էլ-Բեշիրին, քանի որ վերջինիս Միջազգային քրեական դատարանն այս տարվա մարտին ձերբակալելու մասին որոշում էր ընդունել: Սուդանի նախագահը մեղադրվում է Դարֆուր նահանգում իրականացված ցեղասպանության համար: Սակայն պաշտոնական Անկարան անտեսել է այդ փաստը: Եվ դա զարմանալի չէ` ցեղասպանություն իրականացրած երկիրը թիկունք է կանգնում իր նմաններին:
ArmAr.am












