Հայ արի հետախույզները` Արարատի ու Արագածի միջև
Արզնու օդանավակայանն այնպիսի վայրում է գտնվում, որտեղից ձախ կողմում պարզ երևում է երկգագաթ Արարատը, աջում` քառագագաթ Արագածն է:
Այսօր օդանավակայանը լեփ-լեցուն էր և’ հանդիսականներով, և’ զինվորականներով, և’ հետախուզության զորքերով: Սակայն մի անհանգստացեք` մեր սահմաններն ամուր են` շնորհիվ մեր հզոր բանակի, իսկ բազմության ներկայությունը մեկ պատճառ ուներ` այսօր հետախուզի օրն է:
Միջոցառման պատվավոր հյուրն ու դիտորդը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր:
«Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, պայմանագրային զինծառայողներ, սերժանտներ և զինվորներ, հարգելի հրավիրվածներ` թույլ տվեք Պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորել բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և ցանկանալ հաջողություններ յուրաքանչյուր հետախույզի, յուրաքանչյուր զինծառայողի` թե իր անձնական կյանքում, թե բոլորիս սրբազան` հայրենիքի պաշտպանության գործում: Յուրաքանչյուր այսպիսի հանդիսավոր արարողություն հնարավորություն է տալիս հետադարձ հայացք ձգել մեր անցած ճանապարհին և տեսնել, թե ինչպիսի արդյունքներ ունենք և ինչ ենք պլանավորում հեռանկարում իրականցնելու համար»,- ներկաներին դիմեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Այնուհետև ընթերցվեցին այն մարդկանց անունները, ովքեր իրենց մնայուն տեղն են զբաղեցրել ոչ միայն հայ, այլև համաշխարհային հետախուզության պատմության մեջ: Նրանցից են Գեորգի և Գոհար Վարդանյանները, Աշոտ Ղազարյանը, Հայկ Աղազարյանը, որոնց դեռ խորհրդային տարիներին «հոյակապ քառյակ» անվանում են կնքել:
Հանդիսությունն ընթանում էր զինվորական նվագախմբի ուղեկցությամբ, որի գեղարվեստական ղեկավարն էր ռազմանվագախմբային բաժնի պետ, գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, գնդապետ Արմեն Պողոսյանը: Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումները, 22-րդ առանձին «Հատուկ նշանակության բրիգադը», որը փայլեց իր ելույթներով, հայկական խաղաղապահ խումբը, տարբեր մարտարվեստների ներկայացուցիչներ, «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները:
«Ժամանակին մարտարվեստով զբաղված տղաները, բանակ զորակոչվելուց հիմնականում տեղաբաշխվում են հետախուզական ստորաբաժանումներում, քանի որ ֆիզիկապես պինդ են ու ամուր: Ցուցադրական պարապմունքներն ուսուցում են հենց իրենց` հետախույզների համար և թող բոլորը տեսնեն, որ մենք ունենք մարտունակ բանակ, աչալուրջ հետախույզներ, որ մենք ուժեղ ենք»,- ասաց հետախուզության զորքերի վարչության պետի տեղակալ գնդապետ Հովնանյանը:
Ավելի քան երկու ժամ տևած միջոցառման ընթացում մեր տղաները ցուցադրեցին տարբեր իրավիճակներից ելք գտնելու իրենց կարողությունը, հետախույզի գործիքներով` սվինով, կացնով, սակրավորային բահով իրականցվող փայլուն մարտական գործողություններ:
Հայ հետախույզն ու մարտիկը զգոն է նաև օդում: Գրեթե ողջ միջոցառման ընթացքում հայոց երկնքում սավառնում էին ուղղաթիռները, որոնցից պարբերաբար, իրենց թռիչքով, հանդիսականներին ոգևորում, հետախույզի և պաշտպանի ուժն էին ցուցադրում հայ տղաները:
Հայ խաղաղապահներն իրենց ելույթներով ապացուցեցին, որ կարող են հանուն հայրենիքի գործել ցանկացած բարդ իրավիճակում:
Հանդիսության վերջում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիսավոր կերպով պատվոգրերով, նվերներով և Անդրանիկ Օզանյան մեդալով պարգևատրեց հետախուզության բնագավառում աչքի ընկած և հայրենիքի պաշտպանման սրբազան գործում իրենց ավանդը ներդրած հայ մարտիկներին:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ













