Արմթեք՚-ը` վերալիցքավորման և Հայաստանի ՏՏ ոլորտում ծրագրերը վերանայելու հնարավորություն
Ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ՙԱրմթեք 2009՚ համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՙՌենեսանս՚ և ՙՄենթոր գրաֆիկս՚ ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկել նրանց կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետն ընդունել է նաև մեր հայրենակից, սենատոր Ջոն Սիմիթյանին:
Սան Հոզեի ՙՖեյրմոնթ՚ հյուրանոցում կայացած ՙԱրմթեք 2009՚ համաժողովի գալա ընդունելության ժամանակ Տիգրան Սարգսյանը ելույթով դիմել է համաժողովի մասնակիցներին ու հյուրերին: Կառավարության ղեկավարը նշել է. ՙԱկնհայտ է, որ ՙԱրմթեքը՚ պետք է զարգանա և կատարելագործվի: Այս երեք օրերի ընթացքում բավական մեծ դասեր ենք քաղել մեզ համար: Առաջինը ` այս հանդիպումները, քննարկումները բացառիկ հնարավորություն են ստեղծում մեր տնտեսական թիմի համար ճշգրտելու Հայաստանում մեր անելիքը: Հայաստանի դերի, նշանակության, ապագայի մասին մեր որոշ պատկերացումներ անհրաժեշտ է վերանայել, մեր ծրագրերի որոշ կետեր էլ քննություն են բռնում, և դրանք պետք է ուժեղացնենք, ամրապնդենք: Այսօրվա ելույթներից մեկում մի հետաքրքիր ձևակերպում կար` անցյալը այսօր է, իսկ ապագան վաղն է: Այս ձևակերպման մեջ արտացոլվում է արագ փոփոխությունների գաղափարը: Սա ժամանակակից աշխարհի առանձնահատկությունն է: Մենք պետք է պատրաստ լինենք արագ փոփոխություններին՚: Վարչապետը նշել է, որ Սիլիկոնային հովտում գտնվելու ընթացքում պարզ է դարձել ՀՀ կառավարության ՏՏ ոլորտի մասով ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը: ՙԴրանք արդեն հնացել են այն ժամանակահատվածի ընթացքում, երբ փորձում էինք իրականացնել, ասել է վարչապետը: Պարզվում է, որ մենք պետք է վերալիցքավորվենք, ինչի հնարավորությունը տալիս է ՙԱրմթեքը՚: Երկրորդ, մեր հանդիպումների ժամանակ խոշոր ընկերություններից մեկի հետ առաջ քաշվեց գաղափար, որն ինձ առաջին փուլում ապշեցրեց, որ ոչ թե Հայաստանը պետք է գա գլոբալ ընկերությունների մոտ, այլ խոշոր ընկերությունները պետք է գան Հայաստան: Աշխարհը դառնում է շատ փոքր, գլոբալ ընկերությունները մրցակցում են այդտեղ: Արդեն ազատ տեղ չի մնացել ՚:
Վարչապետն ընդգծել է երրորդ եզրակացությունը. ՙԱշխարհի գլոբալ ընկերությունների մեջ մրցակցությունը գնում է ոչ թե այսօրվա շուկայում տարածք գտնելու համար, քանի որ ազատ տարածք չկա: Ավելին, ապագայի շուկայում էլ արդեն բոլոր տարածքները զբաղված են, ինչը ՙԿապույտ օվկիանոսի ռազմավարութ¬յունը՚ դարձնում է խիստ արդիական, որովհետև բոլոր այն տարածքները, որտեղ մենք փորձում ենք դիրքավորվել, զբաղված են այսօր և վաղը: Մենք ուշացել ենք` նշանակում է, որ պետք է գտնենք մեր օվկիանոսը, մեր տարածքը, որտեղ մենք կունենանք մեր հարաբերական առավելությունը՚: Վարչապետն առանցքային է համարել հարցը, թե ո±րն է մեր երկրի տեղն ապագա աշխարհում. ՙՈչ մի գլոբալ ընկերություն մեր փոխարեն չի մտածում, նրանք մտածում են իրենց բիզնեսի մասին: Իսկ հարցի պատասխանը գտնելուն պետք է օժանդակի ՙԱրմթեքը՚:
Վերջին օրերի հանդիպումների և քննարկումների համատեքստում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայկական աշխարհին. ՙՀայկական աշխարհը իրականություն է: Արագ փոփոխվող ու փոքրացող աշխարհը դա ցուցադրեց: Մեզ պետք է հետաքրքրի ոչ թե հայկական աշխարհի ձևավորման խնդիրը, որովհետև այն կա, այլ դրա ապագան. ինչպիսի փոփոխությունների մենք պետք է ենթարկվենք, ինչպես պետք է փոխենք Հայկական աշխարհի ավանդական կառույցները, մեր երկիրը՚:
ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության, հայ-թուրքական հարաբերությունների հիմնախնդիրներին, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու ՀՀ Նախագահի` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված նախաձեռնությունը: Վարչապետի ելույթն արժանացել է ներկաների ջերմ ընդունելությանը:
Աշխատանքային այցի վերջին օրը Տիգրան Սարգսյանն այցելել է Plug and Play համակարգչային ընկերությունների ինկուբատոր, շրջել ընկերությունում, ծանոթացել նրա ծրագրերին, հնարավորություններին: Վարչապետը գրառում է թողել պատվո հյուրերի համար նախատեսված հուշապատին: Ինկուբատորի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն Հայաստանի ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Plug and Play-ի համագործակցության, ինչպես նաև Հայաստանի հետ ինկուբատորի կողմից ծրագրերի կազմման ու իրականացման վերաբերյալ:












