Վահրամ Թաթիկյան. «Գյուղական տունն առանց կարպետի կամ գորգի` թշվառ, աղքատ տուն է»
Վահրամ Թաթիկյանի զրույցը ArmAr-ի ընթերցողների հետ ազգային արվեստներից այն ճյուղի մասին է, որը մեր օրերում թերևս ամենաանտեսվածն է, սակայն միանշանակ ազգային ինքնությունը պահպանողն ու սերունդներին փոխանցողն է: Խոսքը գորգագործության մասին է: Իր կյանքի ավելի քան 35 տարին հայկական գորգերի ուսումնասիրությանը նվիրած, Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր գյուղերում հայ մամիկների հետ բաժակ բարձրացրած և նրանց տան հարստությունը արժևորած, ապա նաև այդ ազգային արժեքը լուսանկարչական ժապավենի վրա անմահացրած ազգագրագետը, որ մինչ այսօր հույսով սպասում է գորգերի պահպանման ու ցուցադրման համապատասխան կենտրոնի ստեղծման հնարավորությանը, սրտի ցավով է խոսում այն ոչ միայն անփույթ, այլև չարամիտ վերաբերմունքի մասին, որոնց արժանացել են մեր պատմության այդ յուրօրինակ վավերագրերը և խորհրդային, և անկախության տարիներին: Թաթիկյանի խոսքում այնքան սեր ու ջերմություն կա գորգերի հանդեպ, այնպիսի գուրգուրանքով է նա մեկնաբանում յուրաքանչյուր զարդանախշի խորհուրդն ու պատմությունը, որ համոզվում ես` գորգերը ազգի, ժողովրդի հոգևոր էներգիայի կրողն ու փոխանցողն են, և պարզապես հանցագործություն է դրանք օտարելը:
«Ինձ համար գորգ գործելն ինքնանպատակ չէ. այն հնարավորինս էթնիկ ինֆորմացիա պահպանել է նշանակում: Իսկ վաճառել այդ ինֆորմացիան փոխանցող գորգը, այդ ճառագայթող ոգեղենությունը, անթույլատրելի է: Գյուղական տունն առանց կարպետի կամ գորգի` թշվառ, աղքատ տուն է: Դրանից հետո արդեն չենք զարմանա, որ այդ անգորգ տան բնակիչները մի օր էլ դուռը փակում են և գնում: Ինձ համար դա արմատների պահպանման խնդիր է, ոչ միայն` գիտահետազոտական: Ազգային խնդիր է ինձ համար գորգի պահպանումը:
Մի անգամ ուսումնասիրում էի մեր ակադեմիկոսների կենսագրությունը, բանից պարզվեց, որ նրանց մայրերը տաղանդավոր գորգագործներ են եղել: Եվ նրանք մինչև կյանքի վերջը իրենց բնակարաններում պահել են իրենց պապենական գորգերը: Որովհետև գորգը մտածողություն է, գորգը համակարգ է: Եվ երբ երեխան նայում է հին, պատմական գորգին, հարստանում է նրա երևակայությունը: Բացի այդ` այն տներում, որոնցում պահպանվել էին պատմական գորգերը, երեխաներն առողջ են մեծացել: Որովհետև գորգը կենսական էներգիա է փոխանցում: Գորգագործն իր ամբողջ էներգիան ու ջերմությունը կապերի, հանգույցների միջոցով փոխանցում է գորգին:
Ի դեպ, հայերը երբեք գորգ չեն վաճառել: Նրանք հասկացել են, որ գորգ վաճառելը նշանակում է ոչնչացնել տան ուժը, հզորությունը, հարստությունը: Միայն խորհրդային շրջանում սկսվեց փոխվել մտածողությունը: Մեկ գորգի, մեկ տիպի կորուստը ահավոր աղքատացնում է մշակութային դաշտը:
Եվ հետո` գորգը, առավել, քան մյուս արվեստները, հրաշալի կարողացել է պահպանել մեր կրոնական հավատալիքների բազմաշերտությունը: Գորգագործն այնպես հնարամտորեն է խաչաձևում քրիստոնեական և հեթանոսական հասկացությունները, որ կարելի է այն յուրացնել որպես մտածողության դասական օրինակ: Դրանով նա ակամայից կատարում է գիտական աշխատանք:
Տարիներ շարունակ, գյուղեգյուղ ընկած, տուն առ տուն փնտրել գտել եմ արժեքավոր գորգերը: Բայց ես մենակ էի, իսկ իմ դեմ, ավելի ճիշտ` հայկական գորգերի, ազգային հարստության դեմ մի ամբողջ, կարելի է ասել, մաֆիա էր պայքարում: Ինձնից առաջ հայտնվում էին և խաբելով գյուղացիներին`ջրի գնով գնում էին նրանց հարստությունը: Հիշում եմ` Լճքաձորում ընդամենը մեկ օր էի ուշացել, և ընդամենը մեկ ունիկալ գորգ էր մնացել. նախորդ օրը հավաքել տարել էին գյուղից: Եվ այդպես` քանի անգամ: Մինչ ես հասնում էի ավտոբուսներով, երբեմն` ոտքով, այդ գործով զբաղվող խումբը կազմակերպված կերպով առաջ էր ընկնում:
Երբ սկսեցի զբաղվել գորգերով, զարմացա, որ իրենց գորգագետ համարող անձինք, որոնք այնքան էլ շատ չեն, գյուղերում չեն եղել: Թանգարանում նստած` գորգերի վերաբերյալ գիտական աշխատություններ են փորձում գրել, իսկ գորգը գնահատելիս այնքան բարեխիղճ չեն, որ ճիշտ գնահատեն կամ ճիշտ տվյալներ գրանցեն: Իսկ եթե պատահել է` գնացել են թանգարանի համար գորգ ձեռք բերելու, վերադարձել են ձեռնունայն, առանց գորգի նմուշ գտնելու: Մինչդեռ նույն այդ գյուղում մեկ ամիս առաջ ես 100 գորգ եմ գտել ու նկարել: Որովհետև գյուղացին ամեն մարդու իր հարստությունը ցույց չի տալիս: Չի վստահում: Իսկ ես ապրում էի նրանց հետ, մտերմանում էի, հոգիս էի բացում, բացատրում էի գորգի արժեքը, իրենց համար երգում էի, պառավների պատմություններն էի լսում, հետները թթի օղի էի խմում: Բանը հասնում էր այնտեղ, որ ուզում էին նվիրել ինձ իրենց գորգը: Բայց ես նման նպատակ չեմ ունեցել: Ընդհակառակը, նրանց ասել եմ իրենց հարստության ճշմարիտ արժեքը, որպեսզի այն ջրի գնով չտան պատահական մարդկանց: Հետո ինձ զգուշացրին, որ նման բան չանեմ, որովհետև գորգերի վերավաճառքով զբաղվող «շայկան» դա երկար չի հանդուրժի և կարող է վնասել ինձ: Ես երկու տարի ստիպված էի գյուղեր չգնալ:
Գորգի ամբողջ ուսումնասիրությունը, դասակարգումը կատարվել է վերին աստիճանի անկանոն և սխալ: Ավելին` հիմնովին շրջվել է մեր` հնագույն ժամանակներից գորգագործության մշակույթ ունեցող ժողովրդի դեմ: Սկզբում ինձ թվում էր` հիմնական պատճառն անգրագիտությունն է և տեղում չուսումնասիրելը: Բերեմ դասական վիշապագորգերի օրինակը: Ոմանք փորձել են այն վերագրել մոնղոլներին, որոնք, իբր, Չինաստանից են այն բերել: Սակայն աշխարհում գորգի հայտնի մասնագետները հստակորեն ասել են, որ դասական վիշապագորգը հայկական է: Այս հարցը կարևոր է, որովհետև վիշապագորգերը մեր գորգի ինքնության կարևոր վկայություններն են: Աշխարհում այսօր 200-ին մոտ դասական վիշապագորգ է մնացել, որից միայն մեկն է Հայաստանում` Սարդարապատի թանգարանում: Գորգի այս տեսակի մեջ այնքան հարուստ շերտեր կան` մտածողական, պաշտամունքային, կարելի է ասել` մեր դիցարանը պարզապես թաքնված է վիշապագորգերի մեջ:
Գորգերի ուսումնասիրության արդյունքում մի շատ հետաքրքիր օրինաչափություն նկատեցինք. 1915 թվականից հետո գերմանացի գիտնականները դադարում են խոսել հայկական գորգի մասին, անգամ այդ արտահայտությունն օգտագործել: Հաջողվեց գտնել փաստաթղթեր (դրանց մի մասը Զապել Եսայանը հրատարակեց), որոնք ապացուցում են, որ հայոց Ցեղասպանության ժամանակ գերմանացիները թուրքերի հետ միասին մասնակցել են կողոպուտին: Անգամ փաստաթուղթ է պահպանվել, որտեղ հստակ նշված է, թե թալանից հետո ինչն է հասնում թուրքերին, ինչը` գերմանացիներին: Խնդիրն այն է, որ նրանք վիթխարի քանակությամբ հայկական մշակութային արժեքներ տեղափոխել են Եվրոպա: Որոշ բաներ անգլիացիներին է հասել, որոշ բաներ` ֆրանսիացիներին:
Յուրաքանչյուր ձեռագործ գորգ նախ և առաջ ազգագրական արժեք ունի, իր ժամանակի գորգագործության պատմության վավերագիրն է, եթե անգամ բոլորը գլուխգործոց չեն: Խոսքն այն գորգերի մասին չէ, որոնք այսօր գործվում են քարտեզների օգտագործմամբ. այնտեղ ինֆորմացիայի տարր չկա: Նույնիսկ ափսոս է ձեռքի աշխատանքը: Կինը դադարում է ստեղծագործելուց և փոխանցելուց ավանդական հորինվածքները:
Սակայն մեր ուսումնասիրական աշխատանքները, ցավոք սրտի, ավելի հետ մնացին, քան գորգի մասսայական արտադրությունը «Հայգորգում», որտեղ տաղանդավոր նկարիչներ էին աշխատում: Բայց այդ տաղանդավոր գորգանկարիչներին ոչ մեկը չբացատրեց, թե գորգն ինչ ինֆորմացիա է պարունակում, որպեսզի դրանից ելնելով` նրանք կարողանային իսկապես իմաստավորել և նորովի գորգեր ստեղծել:
Այսօր խայտառակ վնասարար գորգեր են գործվում «Արմենկարպետում», որովհետև այդ արտադրանքը որևէ կապ չունի հայկական զարդարվեստի ու հայկական մտածողության հետ: Իսկ մեր կողմից վտարվող գորգերը յուրացնում են թուրք–ադրբեջանական համատեղ ձեռնարկությունները, հայկական գորգը գործում են շատ բարձր որակով և այնքան են լկտիացել, որ անգամ տակը գրում են` Մուշ, Վան, և ներկայացնում իբրև թուրքական գորգ: Այն, ինչ հիմա գործում են Թուֆենկյանները կամ Մեգերյանները ոչ մի կապ չունեն հայկական գորգի հետ: Ասում են` պահանջարկ չկա: Բայց ինչպե՞ս է, որ թուրք-ադրբեջանցին հայկական գորգը գործում և վաճառում է, պահանջարկ կա, իսկ մենք ասում ենք` պահանջարկ չկա:
Եղավ մի պահ, որ Բարսեղ Թումանյանին «վարակեցի» գորգերի հանդեպ հետաքրքրությամբ. ինքը շատ հրապուրվեց և որոշեց հիմնադրել «Տորք» արհեստագործական ընկերությունը, որտեղ հոյակապ գորգեր սկսեցին գործվել, և յուրաքանչյուրից` եզակի օրինակ: Ինքս հինգ գորգի հեղինակ եմ: Ցավոք, ոչ մեկը հիմա Հայաստանում չէ, բայց բոլորն էլ ընծայվելու պատվին են արժանացել երկրի նախագահի կողմից` Քրք Քրքորյանին, Ժակ Շիրակին, Պրիմակովին, Շևարդնաձեին:
Խորհրդային ժամանակներում բավականին կորուստ ունեցանք: Մեր գորգերը փոխում էինք սառնարանների կամ այլ բաների հետ: Իսկ հետո դրանք հասնում էին Կրեմլ, որպեսզի Բրեժնևը դրանք փոխանակեր արտասահմանյան մեքենաների հետ:
Այսօր մեր երկրում գորգերի պահպանության հարցն անմխիթար վիճակում է: 1974 թվականից մինչև 1990 թվականը Հայաստանից 100 հազար գորգ է դուրս բերվել: Եթե նկատի ունենանք, որ դրանք ամենաարժեքավոր գորգերն էին, եթե դրան էլ գումարենք 1900-ից հետո տարված գորգերը, կորստի չափն ավելի ակնհայտ կլինի: Միայն Արցախից 400 հազար գորգ է դուրս տարվել: Դա իսկական մշակութային գենոցիդ է:
Հանձնաժողովներում նստած` մարդիկ ոչ միայն միտումնավոր էժան են գնահատում, նաև չեն լուսանկարում գոնե` իմանալով, որ այդ արժեքը հավերժ գնում է երկրից: Մյուս կողմից` թանգարանում գորգերը շատ վատ են պահվում: Ցեցի մեջ կորած են: Գորգը չի կարելի փաթաթած պահել, որովհետև մեջը միկրոկլիմա է առաջանում: Հայաստանում այսօր ընդամենը 5000 ձեռագործ գորգ կա: Այն դեպքում, երբ իմ ուսումնասիրությունների ընթացքում ես 100 հազարավոր գորգեր եմ տեսել: Դրանցից 200 արժեքավորները պատմության թանգարանում են, մի քիչ ավելի` Սարդարապատի թանգարանում, նաև` Ժողովրդական արվեստի թանգարանում: Մեր ամբողջ ունեցածը 1000-ի չի հասնում: Դա ուղղակի ողբալի վիճակ է:
Կենտրոն ստեղծելու ծրագիրը կա, բայց ժամանակներն այլ են, ճգնաժամ է, հնարավորություններ չկան: Էնտուզիազմով այդ գործն ինձնից բացի ոչ ոք չի անի: Չնայած աշխատանքը հիմնականում արված է: Մնում է վայելել աշխատանքի պտուղները: Բայց այսօր երիտասարդներին եթե 500 դոլարից պակաս փող տան, չեն անի, և դա հասկանալի է: Եթե Կենտրոնը ստեղծվի երկրի առաջին դեմքի հովանավորությամբ, կլինեն էլի մարդիկ, որոնք կհասկանան, որ դա ստրատեգիա է, մշակութային քաղաքականություն, և հնարավոր է` պատրաստ լինեին որոշ միջոցներ ներդնել: Ասենք, հենց աշխարհով մեկ գործող գորգավաճառների մի փոքր մասը. նրանք կարող էին ներդրում անել` թեկուզ հայկական գորգի ապրանքանիշի հեղինակությունը բարձրացնելու և իրենց մոտ եղած գորգերը թանկ վաճառելու համար:
Իմ 40 տարվա պրպտումների արդյունքը «Հայկական գորգարվեստ» քառահատոր աշխատությունն է, որը հրատարակվելու է անգլերեն: Առաջին հատորը, որը ներկայացնում է Սյունիքի և Արցախի գորգերը, պատրաստվում է հրատարակության բարձր հովանավորության շնորհիվ: Այս գրքում առաջին անգամ է, որ գորգը ներկայացվելու է` գորգագործի անունը, դրա ստեղծման վայրը և անգամ տվյալ գորգի հետ կապված հետաքրքիր պատմություններ նշելով: Միայն առաջին հատորը 370 էջ տեքստ է պարունակում: Գորգի մասին աշխարհում երբեք որևէ մեկն այդքան չի գրել:
Ամենացավալին այն է, որ գորգագործությունը գյուղերից տեղափոխվեց քաղաք: Գորգագործ կանայք դարձան բանվորներ: Դա սովետական իշխանության ամենամեծ սխալն էր: Նույնիսկ ամբողջական գյուղեր տեղափոխվեցին քաղաք: Ամենակարևորն ինձ համար գորգը գործարաններից հանելն է, մշակույթը հեռավոր լեռնային գյուղեր վերադարձնելն է, մտածողություն դարձնելը և նաև ստեղծագործական հատկությունները խթանելը: Որովհետև գորգը նաև շատ կարևոր էթնիկ ինֆորմացիա է պարունակում, գաղափար է տալիս մեր ժողովրդի ծագման, հնագույն պատկերացումների մասին:
Իմ առաջնահերթ ցանկությունն ու նպատակը յուրաքանչյուր տարածքում իր գորգագործական ավանդույթները վերականգնելն է: Պատկերացրեք` այսօր գյուղ ունենք, որտեղ հինգ ընտանիք է բնակվում. խոսքը սահմանային գյուղերի մասին է` ռմբակոծության տակ գտնվող: Այդ հինգ ընտանիքը չի կարող տնտեսություն վարել, մանավանդ, եթե տղամարդիկ էլ խոպանում են: Բայց եթե այդ գյուղերում բնակվող մի քանի կանայք տասը գորգ գործեն (էկոլոգիապես մաքուր, բնական ներկերով, բուրդն էլ`տեղից), գյուղը կապրի: Այսինքն` սա միայն գորգագործական մշակույթի պահպանման խնդիր չէ, այլ նաև հայկական գյուղերի գրավչության վերականգնման և դրանք հնարավորինս պահպանման խնդիր»:
Անուշ Սամվելյան












