«Զորակոչի թիվը պակաս է, որովհետև այս տարի հիվանդությունների ընտրության հարցում խստությունն է ավելացել»
Այսօր Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց աշնանային զորակոչը: ՀՀ զինված ուժերի շարքերը համալրելու համար այսօր մեկնում են մայրաքաղաքի Նոր Նորքի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի, Մաշտոցի տարածքային զինկոմիսարիատներում կցագրված երիտասարդները:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքական վարչության պետ, գնդապետ Առաքել Մարտիկյանը նշեց, որ այսօր աշնանային զորակոչի առաջին օրն է, և ըստ ավանդույթի կազմակերպվել է նորակոչիկների այցելություններ համայնքներում գտնվող եկեղեցիներ, իսկ դրանից հետո նորակոչիկները հավաքվել են Հանրապետական կենտրոնական հավաքակայանում, որտեղ անցնում են բուժզննում, որից հետո նրանք կուղղակվեն Զինված ուժեր ծառայելու: Գնդապետը նշեց, որ այսօր ԶՈՒ է ուղղարկվելու մոտ 300 նորակոչիկ:
Նա, անդրադառնալով նորակոչիկների առողջության հետ կապված խնդիրներին, նշեց, որ թե ՀՀ Պաշտպանության նախարարի, թե գլխավոր շտաբի պետի հրամանով ու ցուցումով, պետք է այս տարի առավել ուշադիր լինենք նորակոչիկներին զննելուց:
«Քանի որ, նախորդ տարի ունեցել ենք որոշակի թերություններ և բացթողումներ, ցավոք, նույնիսկ մահացության դեպք: Որպեսզի նման բաներ չկրկնվեն, մեր վրա խնդիր է դրված այս տարի առավել ուշադրություն դարձնել զորակոչիկների առողջական վիճակին»,- հավելեց նա:
Ա. Մարտիկյանի խոսքերով, նախորդ տարիներին` հիմք ընդունելով նախորդ հանձնաժողովների որոշումները Հանրապետական կենտրոնական հավաքակայանի հանձնաժողովներն ավելի մակերեսայնորեն էին մոտենում հարցին` հիմք ընդունելով իրենց գործընկերների որոշումները և եզրակացությունները:
«Հիմա մենք, ակնախ ամեն ինչից, չպետք է շտապենք և փորձենք մաքսիմալ ստուգել և վերստուգել նորակոչիկին »,- նշեց նա` հավելելով, որ անցած տարի եղել են դեպքեր, որ ուղղարկվել են վերզննման:
«Ես ձեզ հավատացնում եմ, որ ԶՈՒ-ին հիվանդ զորակոչիկ պետք չէ»,- ասաց նա:
Գնդապետը նաև նշեց, որ ընդհանուր տենդենց կա նորակոչիկների առողջական ընդհանուր վիճակի վատթարացման: Նա նաև նշեց, որ զորակոչիկների թիվը` նախորդ տարվա համեմատ մի փոքր պակաս է, սակայն դա լուրջ խնդիր չէ, որ մտահոգությունների տեղիք տա:
Ա. Մարտիկյանը վստահեցրեց, որ մենք ի վիճակի ենք այսօրվա մեր ռեսուրսների հաշվին մեր մինիմումը ապահովելու:












