Էդվարդ Նալբանդյանը իր հունգարացի գործընկերոջ հետ քննարկել է նաեւ տարածաշրջանի վերջին զարգացումները
Հունգարիա պետական այցով ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող պատվիրակության կազմում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. նոյեմբերի 9-ին հանդիպում է ունեցել իր հունգարացի գործընկեր Պետեր Բալաշի հետ:
Նախարարներ Նալբանդյանն ու Բալաշը, բարձր գնահատելով հայ-հունգարական հարաբերություններում վերջերս արձանագրված ակտիվացումը, նշել են, որ ՀՀ նախագահի պետական այցը Հունգարիա ցույց է տալիս այն կարեւորությունը, որ երկու երկրները հատկացնում են երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Պետեր Բալաշը, կարեւորելով ՀՀ նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը, վստահություն են հայտնել, որ դրանց կյանքի կոչումը լուրջ խթան կդառնա համագործակցության հետագա զարգացման համար:
Հայաստանի եւ Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ փոխգործակցության մի շարք ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ, քննարկել են ԵՄ-ում ընթացող գործընթացները եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի վերջին զարգացումները:












