Ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են փոխել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմը
Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են տեղեկատվություն տարածել այն մասին, իբր Թուրքիան կարող է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագող երկիր: Իրականության հետ ոչ մի կապ չունեցող այս լրատվությունը նպատակ ունի նախ քաղաքագիտական մակարդակում հասունացնել այդ հարցը, ինչը հետագայում թույլ կտա պաշտոնական Անկարային հավակնել այդ դերակատարությանը: Այսինքն, ակնհայտ է, որ ներկայումս ադրբեջանական մամուլը կատարում է հերթական պատվերը` հող նախապատրաստելով Թուրքիայի համար հետագայում դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող կողմ:
Այդ նպատակին հասնելու համար ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են նախևառաջ ճշտել համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական փորձագետների կարծիքը: Այսպես, ադրբեջանական Day.az գործակալությունն այդ հարցով դիմել է Օքսֆորդի համալսարանի Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նեյլ Մակֆարլենին, որը չի բացառել ԵԱՀԿ Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցությունը: «Պետք է մտածել, թե ով կարող է դեմ լինել Թուրքիայի անդամակցությանը: Չեմ կարծում, թե որևէ մեկը բացասաբար կվերաբերվի դրան: Հաշվի առնելով Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները` կարծում եմ, որ Ռուսաստանը չի ընդդիմանա: Ամերիկան նույնպես հանգիստ կվերաբերվի դրան: Ես չեմ տեսնում նաև Ֆրանսիայի ընդդիմանալու պատճառներ», – ասել է Մակֆարլենը:
Դատելով հեղինակավոր համալսարանի պրոֆեսորի այսքան պրիմիտիվ մտածելակերպից` կարելի է հանգել այն եզրակացության, որ Մակֆարլենը կա’մ կոմպետենտ անձ չէ` իր զբաղեցրած պաշտոնում, կա’մ նույնպես կատարում է ադրբեջանաթուրքական պատվեր:
Բոլոր դեպքերում, եկել է ժամանակը, որպեսզի հայկական կողմը կտրուկ քայլերով փակի Թուրքիայի ճանապարհը դեպի ԵԱՀԿ Մինսկի խումբ:
ArmAr.am












