Հաջորդ ուստարում դպրոց կհաճախի 19600-ով պակաս աշակերտ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամլո ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց 2010թ. կրթության և գիտության ոլորտի բյուջեն։
Նշվեց, որ գիտության և կրթության ոլորտին տրամադրվող բյւջետային հատկացումների ծախսային մասը կրճատվել է 24, 7%-ով, սակայն դա հաշվարկվել է այս տարվա հաստատված բյուջեի համեմատ: Եթե համեմատվի 2009 թ. փաստացի բյուջեի հետ, ապա նվազումը կկազմի 12, 8%։
ՀՆԱ-ի համեմատ բյուջետային հատկացումների թիվը նվազել է, սակայն այն 2008թ. մակարդակից բարձր է։
Բյուջետային հատկացումների ամենամեծ հատվածն ուղղված է հանրակրթության ոլորտին։ 2010թ. ավելացել են նաև մասնագիտական կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները։
2009թ. փաստացի բյուջետային ակնկալիքը ծախսային մասով 108մլրդ դրամ էր, 2010թ. այն կկազմի 95մլրդ դրամ։ Այս տարբերությունը նախարարը բացատրում է ոչ միայն բյուջետային հատկացումների կրճատումով, այլև աշակերտների թվի նվազմամբ։ Հաջորդ ուսումնական տարում 19600 աշակերտ ավելի պակաս է դպրոց հաճախելու, քան այս տարի։
Հանրակրթության ոլորտում 2010թ. բյուջեում ծախսերը կրճատվել են 1,5%-ով։ Պահպանվել են ուսուցիչների աշխատավարձերը։ Պահպանվել է նաև աշակերտների թվով ֆինանսավորումը։ Հաջորդ ուստարում ավագ դպրոցների քանակը կավելանա 48-ով։
Նախնական մասնագիտական կրթությանը հատկացված գումարները կպակասեն 3,4%-ով, միջին մասնագիտականինը՝ 0,8%-ով։
Կրթության ոլորտի գերակա խնդիր է համարվում ներառական կրթությունը։ Հաջորդ ուսումնական տարում ևս 400 երեխա հատուկ ծրագրերով կսովորեն հանրակրթական դպրոցներում։
Հաջորդ ուստարում պետպատվերի շրջանակներում բարձրագույն կրթություն կստանա 19 100 ուսանող։
Արտադպրոցական կրթության համար հատկացվող գումարները կավելանան 1,4%-ով։ Գիտությանն ուղղորդվող գումարները պահպանվել են, կրճատում չի եղել։
Կրթության հավելյալ ծրագրերով հաջորդ ուսումնական տարում ևս տարրական դասարանների աշակերտներին դասագրքերը կտրամադրվեն անվճար։ 11-րդ դասարանցիներն էլ, ինչպես այս տարի էր, 4 անուն դասագիրք անվճար կստանան։ 120մլն դրամ է նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար դասագրքեր տրամադրելու համար, 700 մլն դրամ՝ համակարգչային ծրագրերի իրականացման համար։
ArmAr.am












