«Մի կտոր Հայաստան` ձեր սեղանին»
«Հայադարանն» այլևս ընթերցողի սեղանին է` «Մի կտոր Հայաստան` ձեր սեղանին» նշանաբանով: Գիրքը լույս է ընծայվել «Գործարար տիեզերք» ՍՊԸ-ի 4 տարվա համառ ջանքերի շնորհիվ: Կարևորության ու նշանակության մասին վկայում են լույսընծայմանն աջակցած մեծ թվով ընկերությունների ներգրավվածությունը`«Հայաստան համահայկական հիմնադրամ», «Արարատ» ընկերություն, «Նոյյան տապան» և այլն:
Տեղեկատվական դարաշրջանում այս գիրքը մի համապարփակ ու արդիական շտեմարան է և կոչված է լրացնելու ու ճշգրտելու մինչ այժմ առկա նմանատիպ հրապարակումները:
Նախագծի գերնպատակն է` ստեղծել Համահայկական տեղեկատվական դաշտ, որի աշխարհագրությունը սահմաններ չի ճանաչում, և որը միտված է ըստ արժանվույն միավորելու համայնքային, կրոնական և գործարար բոլոր կառույցները:
«Հայադարանը» երկհատոր աշխատություն է` «Համահայկական գործարար անվանացանկ» և «Գիդ-ուղեցույց»: Առաջինը տեղեկատվություն է տրամադրում Հայաստանում գործող կազմակերպությունների մասին, իսկ երկրորդը, իր անվանը հավատարիմ, օգնում է կողմնորոշվել Հայաստանի պատմամշակութային վայրերում, մեր երկրի տարբեր հատվածներում:
Գիրքը մինչ վերջնական հրատարակումը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան այրերին ու արժանացել վերջիններիս հավանությանն ու գովասանքի խոսքերին: «Ողջունում եմ ՀԱՅԱԴԱՐԱՆ համահայկական նախագծի շրջանակներում «Համահայկական գործարար անվանացանկի» և «Գիդ-ուղեցույցի» ստեղծման և համահայկական տեղեկատվական միասնական դաշտ ստեղծելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը»,-նշվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքում:
ArmAr.am












