Թուրքիայի կոմպլեմենտար քաղաքականությունը
Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեջադի այցը Ստամբուլ` ընթանում էր «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության մշտական կոմիտեի՝ տնտեսությանը 7 առևտրային համագործակցությանը վերաբերող 25-րդ նիստի շրջանակներում:
Իրանի նախագահի այցելությունը կարևոր էր և Թուրքիայի, և Իրանի համար:
«Երկու երկրների նախագահների միջև բանակցությունների ընթացքից պարզ դարձավ, որ ոչինչ չի կարող այլևս խոչընդոտել տարածաշրջանային համագործակցության շրջանակներում` Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը»,- հայտարարում են թուրք վերլուծաբանները` նկատելով, թե Թուրքիան և Իրանը ներկայումս տարածաշրջանում նույն շահերն ունեն, և դա նպաստում է թուրք-իրանական մերձեցմանը:
Թուրքիան հանդես է գալիս Իրանի միջուկային ուսումնասիրությունների պաշտպանությամբ, նրանք համատեղ իրականացնում են ահաբեկիչների դեմ պայքարի ծրագիր, որն ուղղված է քուրդ զինյալների դեմ: Բացի այդ, երկու երկրները տնտեսական նոր համաձայնագրեր են ստորագրվել: Արդյունքում նախատեսված է ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 20 մլրդ դոլարի: Էներգետիկայի բնագավառում ևս արվել են կոնկրետ քայլեր: Թուրքիայով իրանական գազը Եվրոպա է տեղափոխվելու:
Արևմտյան վերլուծաբանների գնահատմամբ, Թուրքիան օրեցօր մերձենում է մահմեդական աշխարհի հետ: Ակնարկվում են, թե թուրք-իրանական նոր համագործակցությունը դրա վառ ապացույցն է: Սակայն այսօր վերջիններիս հետաքրքրում է, թե թուրք դիվանագետներն ինչպես են համատեղելու հարաբերությունները և’ Իրանի, և’ Միացյալ նահանգների հետ: Նշվում է, թե պաշտոնական Անկարան թիկունքով է շրջվում իր արևմտյան դաշնակիցների նկատմամբ և ձգտում է տարածաշրջանային տերության կարգավիճակ ստանալ Մերձավոր Արևելքում։ Հնարավոր է, որ շատ հարցերի պատասխաններ պարզ կլինեն դեկտեմբերի 7-ին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Միացյալ Նահանգներ կատարելիք այցի ընթացքում:
Արդեն իսկ պարզ է, որ Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների է ձգտում և’ Արևելքի, և Արևմուտքի հետ` միաժամանակ:
Որքանո՞վ կհաջողվի Թուրքիային իրականություն դարձնել այս կոմպլեմենտար քաղաքականությունը, պարզ կդառնա ընդամենը մեկ ամսից:
ArmAr.am












