Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Նոյեմբեր 11, 2009թ. 12:29

Hrant2

Երկրում ներքաղաքական լարվածություն է  հասունանում

Երեկ Թուրքիայի խորհրդարանում, ժողովրդավարական բարեփոխումների փաթեթի քննարկման ժամանակ, ծեծկռտուք է տեղի ունեցել  իշխող` Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչների և ընդդիմադիր պատգամավորների միջև: Ասենք, որ բարեփոխումների փաթեթը վերաբերում է քրդական հարցերին:

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավորները քննարկման ընթացքում իրենց բողոքն են արտահայտել` հնչեցնելով  հակակառավարական կոչեր:

Ներքին գործերի նախարար Բաշիր Աթալայի ելույթը խանգարելու նպատակով, հենց նրա խոսքի ժամանակ, բարձրացվել են  ցուցապաստառներ` հետևյալ բովանդակությամբ. «Քրդերը, հայերը թուրքերի թշնամիներն են», «Չմոռանանք Աթաթյուրքի անունը» և այլն:

Թուրքիայի Մեջլիսի նախագահ  Մեհմեդ Ալի Շահինը, տեսնելով, որ կրքերը բորբոքվում են, ընդհատել է բարեփոխումների փաթեթը ներկայացնող Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայի խոսքը և կոչ արել իջեցնել ցուցապաստառները, քանի որ  խորհրդարանը ցույցի վայր չէ: Սակայն, երբ իշխող կուսակցության փոխնախագահ Սուադ Քալըջը մեղադրել է ընդդիմությանը` Թուրքիայի ազգային շահերի դավաճանության մեջ, ընդդիմության և իշխանության պատգամավորների միջև ձեռնամարտ է սկսվել:

Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարել է, որ ժամանակն է նման փոփոխություններ իրականացնել և, եթե իրենք չգնան այդ քայլին, ապա Թուրքիան «երբեք չի առողջանա»:

Հիշեցնենք, որ այս բարեփոխումների առաջնային կետերից են` քրդական լեզվի անարգել կիրառման թույլտվությունը, քրդական տեղանունները կրկին գործածության մեջ մտնելը, քուրդ երեխաների` կրկին քրդական անուններկրելու թույլտվությունը,  «քրդերենով խոսել չի թույլատրվում»  արգելքի սահմանափակումը բանտերում, Ղուրանը նաև քրդերենով հրատարակելու հարցը: Թուրքիայի ԲՈՒՀ-երում փոփոխություններ են կատարվելու, որոնք հնարավորություն կտան բացել քրդերեն լեզվի և նրա բարբառների ուսումնասիրման ինստիտուտներ, իսկ քրդերենը դասավանդվելու է որպես ֆակուլտատիվ առարկա: Որոշակի բարեփոխումներ է սպասվում նաև հեռուստատեսության և ռադիո ծրագրերում, ինչի շնորհիվ մասնավոր հեռուստաալիքներին թույլ կտրվի իրենց եթերով, առանց ժամանակի սահմանափակման, ցուցադրել  քրդերենով հաղորդումներ և գովազդներ: Վերանայվելու է նաև օրենքը, որն այսօր արգելում է այլ լեզուներով քաղաքական կուսակցություններին քարոզարշավ իրականացնել:

Թուրք ընդդիմությունը համոզված է, որ երկրի կառավարությունը ժողովրդավարության քողի տակ քրդերին  լայն իրավունքներ է շնորհում, ինչը, նրանց գնահատմամբ, անընդունելի քայլ է: Տեղի ունեցածի կապակցությամբ իր տեսակետն է հայտնել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա շեշտել է, որ կատարվածն անընդունելի է, սակայն ինչ էլ որ լինի, բարեփոխումների փաթեթը քննարկվելու և ընդունվելու է, որովհետև` «Դա է պահանջում ժամանակը», -հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի խորհրդարանում կատարվածը   հուշում է այն մասին, որ այդ երկրում ներքաղաքական լարվածություն է  հասունանում:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն