Հայոց Մեծ եղեռնը և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները
Դավիթ Ջամալյան
Հոգեբանական գիտությունների թեկնածու
Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը ներկայիս հայ հասարակությանը հուզող արդիական խնդիրներից է: Ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք և պետք է լինե՞ն, թե` ոչ: Ընդգծելով այդ հարաբերությունների անխուսափելիության փաստը` հարկավոր է բազմակողմանիորեն վերլուծել առկա իրողությունները և դրանք կառուցել` առավելագույնս նվազեցնելով նոր սխալներ գործելու հավանականությունը:
Այս խնդիրը պահանջում է համակարգային մոտեցում և ենթադրում մի շարք բնագավառների մասնագետների համատեղ ջանքեր: Այստեղ ակնհայտ է հոգեբանության, մասնավորապես, էթնիկական հոգեբանության դերը, որի օրինաչափությունների հաշվի առնումը միանգամայն անհրաժեշտ է հայ-թուրքական փոխհարաբերություններում ճիշտ կողմնորոշվելու համար:
Նախ և առաջ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ցանկացած էթնոսի հոգեկերտվածքը կայուն հոգեբանական կազմավորում է, որը ձևավորվել է նրա տևական պատմական զարգացման, այլ էթնոսների հետ պարբերական փոխհարաբերությունների ընթացքում, և նրանում լուրջ փոփոխություններն արագ տեղի չեն ունենում: Անհրաժեշտ է տևական ժամանակահատված, նպաստավոր սոցիալ-հոգեբանական պայմաններ, որպեսզի էթնոսի հոգեկերտվածքի առանձին բաղադրիչներ փոփոխվեն: Այդպիսի փոփոխությունների համար մի քանի տասնամյակը փոքր ժամանակահատված է: Այս պարագայում առաջանում է հետևյալ հարցը. իսկ փոխվե՞լ է արդյոք թուրքը, ինչպիսի՞ն է նա այսօր, նմա՞ն է արդյոք 90 տարի առաջվա իր նախնուն: Հենվելով էթնոգենեզի ընթացքում ազգի հոգեկերտվածքում տեղի ունեցող փոփոխությունների համար անհրաժեշտ ժամանակային և այլ բնույթի գործոնների անհրաժեշտության վրա` պետք է արձանագրել, որ նա նույնն է մնացել և անգամ ավելի հավակնոտ ու ագրեսիվ է դարձել:
Ասվածն ապացուցելու համար անդրադառնանք էթնոհոգեբանական մեկ այլ օրինաչափության: Թուրք էթնոսի պատմության, մասնավորապես, այլ էթնոսների հետ նրա հարաբերությունների պատմա-հոգեբանական ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ագրեսիվությունը վերջինիս հոգեկերտվածքի կայուն բաղադրիչ է: Նշենք, որ ագրեսիվությունն այս կամ այն չափով առկա է ցանկացած էթնոսի հոգեկերտվածքում և, ըստ էության, իրենից ներկայացնում է միջավայրի պայմաններին դարերով մշակված հարմարման մեխանիզմ: Ագրեսիվությունը կարող ենք համարել էթնոսի հոգեկերտվածքի կայուն բաղադրիչ այն դեպքում, երբ այն միտում ունի պարբերաբար արտահայտվել կրկնվող, նույնաբնույթ պատմական իրադարձություններում: Այսինքն, Էթնոսի ագրեսիվության մակարդակը կարելի է որոշել նրա պատմության, կենսագործունեության ընթացքում ագրեսիվ վարքի կրկնությունների հաճախականությամբ: Ինչպես ցույց են տալիս պատմական փաստերը, հենց այդպիսին է թուրքերի պատմությունը, ինչն էլ թույլ է տալիս պնդել թուրքական էթնոսի հոգեկերտվածքում ագրեսիվության բարձր մակարդակի մասին: Այս հանգամանքն, իր հերթին, թույլ է տալիս միանգամայն հնարավոր ու հավանական համարել ապագայում ևս թուրքի ագրեսիվության պոռթկումները:
Նման հետևության համար բավական է հիմք ընդունել թեկուզև միայն այն հանգամանքը, որ ներկայիս հանրապետական Թուրքիայի պետական գաղափարախոսությունն իր բնույթով ծայրահեղ շովինիստական է: Այն բացառում է Թուրքիայի տարածքում այլ ազգերի գոյության իրավունքը: Դրա ամենաակնառու ապացույցը թուրքական պետականության անվանումն է` «Թուրքական հանրապետություն»: Չեն փոխվել նաև թուրքերի էթնոքաղաքական նպատակները, ուր հայն ու Հայաստանը կրկին շարունակում են ընկալվել Մուստաֆա Քեմալի բնորոշմամբ` իբրև «կովկասյան արգելք» Էթնիկ միատարրություն քարոզող գաղափարախոսության առկայությունը ոչ միայն չի նպաստում թուրքական ագրեսիվության նվազմանը, այլև ավելի է ամրապնդվում նորանոր սերունդների գիտակցության մեջ: Թուրքական ագրեսիվության նվազման համար անհրաժեշտ է, որպեսզի նա տևականորեն իրագործի հանդուրժողականության վրա հիմնված քաղաքականություն և կենսակերպ` առաջնորդվելով համապատասխան գաղափարական դրույթներով:
Այսպիսով, իրողությունն այն է, որ մենք ստիպված ենք հարաբերություններ հաստատել ոչ թե «փոխված», «քաղաքակրթված», այլ սովորական թուրքի հետ: Թուրքի կերպարը չի փոխվել և չի կարելի տրվել նրա` ժամանակակից դառնալու մասին խաբկանքին: Դարերի ընթացքում կրկնվող պատմական իրադրություններում պարբերաբար վերարտադրվելով` ագրեսիվ վարքը վերածվեց թուրքական էթնիկական բնավորության կայուն, պարբերաբար կրկնվելու միտված բարդույթի: Այս հոգեբանական օրինաչափության իմացությունը կնպաստի իրատեսական մոտեցումներ ունենալուն և հայ-թուրքական հարաբերություններում մեզ զերծ կպահի թյուր ընկալումներից և սխալներից: Այդպիսի հոգեբանական նկարագիր ունեցող Թուրքիայի հետ փոխհարաբերությունները պետք է կառուցվեն հստակ, առանց ինքնախաբեության, ճկուն կերպով կողմնորոշվելով փոխադարձ շահերի մեջ` առանց մոռացության տալու պատմական հայրենիքի բռնազավթված լինելու իրողությունը:
Նշենք, որ այս մոդելով են ներկայումս կառուցվում հույն-թուրքական հարաբերությունները: Հույներն առ այսօր չեն հաշտվել այն գաղափարի հետ, որ պատմական Տրոյայի, Միլիտոսի ավերակները պետք է մնան Թուրքիայի տարածքում: Գտնվելով նույն ռազմական դաշինքի կազմում` այս երկու պետություններն ընկալում են իրար իբրև հակառակորդներ: Սակայն, դրա հետ մեկտեղ, առկա են ձևավորված հույն-թուրքական հարաբերություններ` հիմնված իրատեսական, հստակ փոխադարձ շահերի վրա:
Ինքնաճանաչման և թուրք էթնոսի հոգեբանական յուրահատկությունների իմացության վրա հիմնված իրատեսական փոխհարաբերությունների ենթատեքստում միայն թուրքը հային կընկալի իբրև ուժեղ հարևան, որի հետ պետք է հաշվի նստել. մի բան, որը կկանխի ցեղասպանությունների կրկնությունը ապագայում:












