Գլխավոր » Լրահոս

Մեջլիսի ձեռնամարտը վերջինը չի լինելու

Նոյեմբեր 11, 2009թ. 20:00

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ArmAr.am-ի խնդրանքով անդրադարձավ Թուրքիայի Ազգային Ժողովում տեղի ունեցած իշխանություն-ընդդիմություն ձեռնամարտին:

Պարոն Մելքոնյան կարելի՞ է ենթադրել, որ Թուրքիայում ներքաղաքական լարվածություն է հասունանում:

-Թուրքիայում  այսօր առկա է ներքաղաքական լարվածություն, սակայն չեմ կարող ասել, թե դա շատ լուրջ հետևանքների կհանգեցնի: Սակայն, այնուամենայնիվ, պետք է նշել, որ երեկվա ակցիան` հատկապես պաստառների առկայությունը, գրավել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունը: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ազգային Ժողովի նախագահին, որ վերջինս չի  կարողացել իրավիճակը վերահսկել և դահլիճը վերածվել է միտինգային հրապարակի: Ընդհանրապես, Էրդողանն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համարձակ քաղաքական ուժի համարում ունեն: Հետևելով նրանց կատարած համարձակ քաղաքականությանը` կարելի է կարծել, որ նրանք կարող են համարձակ քայլել և հասնել հարցերի լուծմանը: Սպասելի է, որ Թուրքիայի Ազգային Ժողովում կարող էր նման դրսևորումներ լինել` հատկապես «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից: Սա առաջին դեպքը չէ և վերջինն էլ չի լինելու: Ես կանխատեսում եմ, որ նման զարգացում սպասվում  է նաև Հայաստան-Թուրքիա արձանագրությունների քննարկման ժամանակ:

Էրդողանը միևնույն ժամանակ հայտարարել է, թե քրդական հարցի լուծումը ժամանակի պահանջն է: Կարելի՞ է կարծել, թե Թուրքիան հարցերի լուծման նոր քաղաքականություն է որդեգրել:

-Քրդական հարցը Թուրքիայի կառավարության լուծելիք հարցն է: Թուրքիայի նախկին իշխանությունները հարցի լուծման տարբեր ճանապարհներ են որոնել, իսկ քրդական հարցը Թուրքիայի ձևավորման առաջնային դիրքերում է եղել:

Այս խնդիրը միշտ էլ եղել է Թուրքիայի օրակարգում, չնայած, որ որոշ ուժեր և իշխանության ներկայացուցիչներ փորձել են անտեսել այդ խնդիրը: Սակայն աշխարհաքաղաքական տարբեր հանգամանքներ ստիպում են այսօր Թուրքիայում իշխող կուսակցությանը քրդական հարցերին լուծում տալ` ինչին էլ այսօր մենք ականատես ենք լինում:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն