Հակահարված ադրբեջանական կեղծիքին` ՄԱԿ-ում
Նոյեմբերի 11–ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) անցկացվել են քննարկումներ` «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտություններում» թեմայով, որոնք նվիրված էին ԱԽ-ի կողմից այս կարևորագույն թեմային առաջին անգամ անդրադառնալու տասնամյակին։ Միջոցառումը նախագահելու նպատակով Նյու Յորք էր ժամանել Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերը:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության ղեկավար Տիգրան Բալայանը տեղեկացնում է, որ քննարկումները շարունակվել են մինչ ուշ երեկո, որին մասնակցել և ելույթներ են ունեցել նաև ՄԱԿ-ի քառասունյոթ անդամ պետությունների ներկայացուցիչները, դրանց շարքում` և Հայաստանը։
Իր ելույթում Ադրբեջանի դեսպան Մեհդիեևը, ադրբեջանական «ավանդույթի» համաձայն, խոսել է Խոջալուի դեպքերի մասին, և բնականաբար, կատարվածին տվել ադրբեջանական հայտնի կեղծիքներով համեմված մեկնաբանություններ։
Մեհդիեևի սուտը կանխելու նպատակով ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը, ով, մասնավորապես, նշել է, որ քննարկումներին իր մասնակցությունը պայմանավորված է ԼՂՀ հակամարտությանը նախորդած շրջանում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ծրագրավորված էթնիկ զտումները և սպանություններն ի հայտ բերելու անհրաժեշտությամբ։
Դեսպան Նազարյանը հակադարձել է Խոջալուի մասին ԱԽ–ում արված ադրբեջանական հայտարարությունը, նշելով, որ այդ տարիների Ադրբեջանի նախագահ Մութալիբովն ինքն էր խոստովանել, որ Խոջալուն կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը, որի նպատակն էր իր իսկ բնակչության սպանության ողջ ծանրությունը գցել Բաքվի իշխանությունների վրա ու կազմակերպել հեղաշրջում։
Հայաստանի դեսպանը մեղադրել է Ադրբեջանին հումանիտար և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման հարցում ու նշել, որ ԼՂ հիմնախնդիրը զինված հակամարտության ճանապարհով լուծելու Բաքվի արկածախնդրությունը հանգեցրեց անկանխատեսելի ու ծանր հետևանքների, և միայն Հայաստանի միջամտությամբ հնարավոր եղավ կասեցնել իրենց հայրենիքում արցախահայերի բնաջնջումը և առհասարակ ադրբեջանական ագրեսիան։
ArmAr.am












