Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայում մտավախություն կա, որ քրդերն առավելագույնն են պահանջելու

Նոյեմբեր 12, 2009թ. 12:07

Ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու շուրջ բանավեճերը Թուրքիայում շարունակվում են:

Ինչպես արդեն հայտնի է, հիմնական տարաձայնությունները վերաբերում են քրդերին տրվող իրավունքներին: Այդ առիթով Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առնչը այցելել է քրդաբնակ Դիարբեքիր քաղաքը, որտեղ հայտարարել է, որ այս փաստաթղթի ընդունումը կառավարության համար կենսական նշանակություն ունի: Ըստ թուրք պաշտոնյայի, նոր բարեփոխումները կնպաստեն երկրում մի շարք խնդիրների լուծմանը: Առնչը ասել է, որ Թուրքիայի  կառավարությունը փորձում է ստեղծել մի պետություն, որտեղ ցանկացած մարդ կարող է ապրել ազատ:

Փաստորեն, Անկարան քրդերին պատրաստվում է տալ տարրական իրավունքներ, որոնցից նրանք նախկինում զրկված են եղել: Այսօր Էրդողանի կառավարությունը ժողովրդավարության քողի տակ երկու նպատակ է հետապնդում. մի կողմից փորձում է կանխել երկրում  օրեցօր ակտիվացող քրդական շարժումը, մյուս կողմից էլ ցանկանում է միջազգային հանրությանը ներկայանալ   որպես ժողովրդավարական երկիր:

Ըստ թուրք վերլուծաբանների, Թուրքիայի կառավարությունը մեծ սխալ  թույլ կտա, եթե իրավունքներ շնորհի քրդերին, նրանք գտնում են, որ քրդերը  չեն բավարարվի այդքանով և քայլ առ քայլ կպահանջեն առավելագույնը: Վերլուծաբանները հետևություն են անում, որ եթե  թուրքական իշխանությունն այսօր գնա փոքր-իսկ զիջումների, ապա հետագայում ևս ստիպված է լինելու զիջումներ անել:

Չնայած նման մեկնաբանություններին, այնուհանդերձ,  Թուրքիայի կառավարությունը վստահ է իր որոշման մեջ:

Նշենք, որ նախնական տվյալների համաձայն, փաթեթի համընդհանուր քննարկումը խորհրդարանում կկայանա վաղը` նոյեմբերի 13-ին:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն