Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Լևոն Շիրինյան. «Թուրքերը բլեֆ են անում»

Նոյեմբեր 12, 2009թ. 13:18

blefԹուրքական և ադրբեջանական աղբյուրները պարբերաբար տեղեկատվություն են տարածում այն մասին, որ հայկական կողմը, թեև պաշտոնապես չի հայտարարում, բայց պատրաստ է զորքերը դուրս բերելու ազատագրված տարածքներից, նույնիսկ ավելացնում են, որ պաշտոնական Երևանին անհրաժեշտ է միայն Ռուսաստանի աջակցությունը:

ArmAr.am-ի խնդրանքով  քաղաքագետ Լևոն Շիրինյանը տվեց իր մեկնաբանությունը.

«Թուրքիան այսօր Քեմալից հետո Ցեղասպանության ու Հայաստանից բռնազավթված տարածքների մարսման քաղաքականություն է վարում: Նման լուրերը տեղեկատվական պատերազմի մի մասն են:  Դա թուրքական հերթական սուտն է, բլեֆ են անում:

Նրանք ուզում են հայ ժողովրդի գիտակցության մեջ մտցնել, որ հաշտվի «եղած իրականության» հետ: Թող մեր արտգործնախարարությունն էլ հերքում տա…

Պետք է քարոզչության մեջ ագրեսիվ լինել: Ազգային հարցերում խաղաղասիրությունն ավելորդ է: Թող մերոնք էլ ասեն` ուզում ենք Կարս  մտնել, թող արևելյան ճակատում էլ ադրբեջանցիներին Եվլախով վախեցնեն (Եվլախի կայարանը, կարելի է ասել, Ադրբեջանի սիրտն է):

Հիմա արդեն կարևոր  չէ, թե Ռուսաստանն ինչ է ուզում, աջակցո՞ւմ է, թե՞ ոչ: Մե’նք չենք ուզում, հայ ժողովուրդը համաձայն չէ: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր անտարբեր էին այս խնդիրների նկատմամբ, այսօր պատրաստ են կռվել ու դիմագրավել թշնամուն:

Մեր զինվորներն օր ու գիշեր սահման են հսկում, ու հանկարծ կարող է հայտնվել նրանցից մեկն ու ասել` հող ենք հանձնո՞ւմ: Դա չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է այդ տարածքներում խաղաղապահներ տեղակայելու «փայլուն մտքին», պարոն Շիրինյանի դիտարկմամբ` «Խաղաղապահներն այդ տարածքները դարձնելու են խաղալիք և երբ ցանկանան, պատերազմ կարող են հրահրել: Խաղաղապահները նաև օկուպանտներ են: Մեզ խաղաղապահ ուժ պետք չէ, թող մեզ զենք տան, մենք կապահովենք տարածաշրջանի խաղաղությունը:

1994 թվականից մինչ օրս Ադրբեջանի հետ սահմանը պահպանվում է մեր ուժերով: Եթե նրանց փոխարեն խաղաղապահներ լինեին, անպայման մի փոքր բանից կռիվ ծագած կլիներ»:

Լևոն Շիրինյանը վստահ է, որ պետք է նաև պատերազմին պատրաստ լինել. «Պիտի պատրաստվենք պատերազմի, որ խաղաղ ապրենք»:

ArmAr.am



Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն