Ջերմուկում հաղթեց Իվանչուկը
Ջարմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի խաղարկության հինգերորդ մրցաշարը: Շախմատասերները մեծ անհամբերությամբ էին սպասում Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի վերջին տուրի հանդիպումներին, քանզի անցած 12 տուրերի ընթացքում շախմատիստներից և ոչ մեկին չէր հաջողվել նկատելի առավելություն ձեռք բերել մրցակիցների նկատմամբ` ժամանակից շուտ կանխորոշելով մրցաշարի ելքը:
Վերջին տուրում առավել կարևոր էին Արոնյան-Ինարկիև, Հակոբյան-Իվանչուկ և Գելֆանդ-Լեկո զույգերի պարտիաները: Նշված շախմատիստներից յուրաքանչյուրը ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի խաղարկության այս մրցաշարում հաղթելու ռեալ հնարավորություն ուներ: Սակայն յուրաքանչյուր մրցաշարում լինում է միայն մեկ հաղթող: Եվ այս անգամ դա Ուկրաինան ներկայացնող Վասիլի Իվանչուկն էր, որը բավականին հետաքրքիր խաղում սևերով հաղթեց Վլադիմիր Հակոբյանին: 13 տուրերի արդյունքում Իվանչուկը հավաքել է 8,5 միավոր: Կես միավորով նրանից հետ է մնացել Լևոն Արոնյանը, որը նույնպես կարողացավ հաղթել իր մրցակցին: 8 միավորով Արոնյանի հետ երկրորդ տեղը կիսեց Իսրայելը ներկայացնող Բորսի Գելֆանդը, որը վերջին տուրում սպիտակներով հաղթանակ տոնեց Պետեր Լեկոյի նկատմամբ:












