«Արաքս» թռչնաֆաբրիկային` ժամանակակից սարքավորումներ
ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ կառավարություն իր այսօրվա նիստում, հիմք ընդունելով «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքը եւ ղեկավարվելով իր` ավելի վաղ ընդունած որոշմամբ, որոշել է կառավարության սահմանած կարգով ընտրված «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2009թ. հոկտեմբերի 12-ից մինչեւ 2010թ. օգոստոսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2012թ. հոկտեմբերի 12-ը, հավանություն տվել ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների եւ մոնիտորինգի համակարգի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ միջեւ կնքվելիք պայմանագրի նախագծին: Որոշումը ՓԲԸ-ին հնարավորություն կտա ներմուծել թռչնամսի եւ ձվի արտադրության ծավալների ընդլայնման եւ եգիպտացորենի վերամշակման ժամանակակից սարքավորումներ: Ինչպես ընդլայնվող, այնպես էլ եգիպտացորենի մշակման նոր արտադրամասերում կստեղծվի 230 նոր աշխատատեղ` նպաստելով գյուղական համայնքներում գյուղացիների հիմնական խնդիրներից մեկի` գործազրկության հարցի լուծմանը եւ ապահովելով 70 հազար դրամ միջին աշխատավարձ: Ծրագրով նախատեսվում է իրականացնել 1.04մլն եվրո ներդրում, որից սեփական միջոցներով արդեն իսկ ներդրվել է մոտ 360 հազար եվրո: Ընկերությունը ծրագրում է ներդրման նպատակով սեփական միջոցներից հատկացնել գումարի 50 տոկոսը: Ներդրվող գումարը հիմնականում ուղղվելու է նոր գերմանական արտադրության սարքավորումների ձեռքբերմանը:












