Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Հարութ Սասունյան. «Բոլոր երկրների հայերը պետք է միավորվեն»

Նոյեմբեր 12, 2009թ. 15:03

Arut SasunyanՀայ Դատի համար մեր համատեղ ջանքերը ծագել են այն ողբերգական իրողությունից, որ ավելի քան 90 տարի առաջ ահավոր անարդարություն է իրագործվել մեր ժողովրդի հանդեպ:

Ցեղասպանությունը և մեր Հայրենիքի կորուստը տասնամյակներ շարունակ աննկատ էին մնացել միջազգային հանրության կողմից, մինչև որ մեր ժողովուրդը, քաղաքական կուսակցությունների առաջնորդությամբ, հառնեց մահվան ու կորուստների մոխիրներից և պայքարեց իր ոտնահարված իրավունքների վերականգնման համար: Արդյունքում` Հայոց Ցեղասպանությունը միջազգային ճանաչում ստացավ. այն այլևս մոռացված դրվագ չէ:

Այնուամենայնիվ, այսօրվա թուրքական կառավարությունը, որպես Ցեղասպանություն իրականացրած վարչակարգի իրավահաջորդ, շարունակում է ժխտել այս մեծ ոճիրը` մինչև օրս օգուտ քաղելով մեր թալանված գույքից ու ունեցվածքից:

Այս անարդարությունը չի կարող և չպետք է շարունակվի: Մեր ուժերի ներածին չափով պետք է ամեն ինչ անենք արդարության վերականգնման համար: Մենք պահանջում ենք մեր թալանված ունեցվածքի և բռնազավթված տարածքների վերադարձն իրենց օրինական տերերին` հայ ժողովրդին:

Այս չափազանց դժվարին խնդրի լուծման համար մեզ անհրաժեշտ է բոլոր հայերի մասնակցությունը, ինչպես նաև ճշմարտության ու արդարության բոլոր  ջատագովների աջակցությունը:

Ինչպես ականատես եղանք վերջին ամիսներին, վիթխարի միջազգային ճնշում է գործադրվում Հայաստանի ղեկավարների վրա` Թուրքիային ու Ադրբեջանին կարևոր զիջումներ անելու համար: Հայաստանը շատ փոքր է և թույլ նման հզոր ճնշմանն ինքնուրույն դիմակայելու համար: Մինչդեռ Սփյուռքի հայերը զերծ են նման հարկադրանքից:

Մեր բոլորի պարտքն է օգնության ձեռք մեկնել Հայաստանին` ճնշումը նվազեցնելու համար: Բոլոր երկրների հայերը, հատկապես Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Եվրոպայի, պետք է աշխատանք տանեն հակազդելու իրենց կառավարություններին` նրանց անարդար ու միակողմանի աջակցությանը Թուրքիային և Ադրբեջանին:

Մենք պետք է այս ջանքերը գործադրենք` անկախ այն բանից, թե մեր օգնությունը պահանջվում է կամ նույնիսկ գնահատվում է Հայաստանի կառավարության կողմից, թե` ոչ:

Անշուշտ, մեր լոբբիստական ջանքերն էլ ավելի արդյունավետ կլինեն, եթե իրականացվեն համագործակցության և համակարգման միջոցով և’ Սփյուռքի ներսում, և’ Սփյուռքի ու Հայաստանի միջև:

Միաժամանակ մենք չպետք է ձեռնպահ մնանք Հայրենիքում մեր ժողովրդին քաղաքական, տնտեսական և մարդասիրական որևէ աջակցությունից`  Հայաստանի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Վարչակարգերն ու ղեկավարները գալիս են ու գնում, սակայն ազգը հավերժական է:

Եկեք լինենք զգոն, հանձնառու և միասնական մեր նպատակների իրագործման համար: Եկեք վառ պահենք Հայ Դատի ջահը, մինչև արդարությունը վերականգնվի մեր բազմաչարչար ազգի համար:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն