Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Մինսկի խումբի համանախագահներն իրենց հակահայկական հայտարարությունները չեն մարսի

Օգոստոս 24, 2009թ. 18:49

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ հաճախ այնպիսի հայտարարություններ են անում, որոնք բացարձակապես չեն բխում իրենց իրավասություններից և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տրամաբանությունից: Այս առումով «Արդյո՞ք համանախագահները գործում են իրենց մանդատի շրջանակներում» ԱրմԱր-ի հարցին` ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը պատասխանեց. «Մինսկի խումբը` ինքն իր գոյությունն արդարացնելու խնդիր ունի: Համանախագահները տարբեր երկրներ ներկայացնելով` տարբեր քաղաքակյան շահեր են հետապնդում: Երբեմն այդ շահերը համընկնում են, հաճախ` հակադրվում: Մենք համանախագահների ասածը պետք է ընդունենք որպես պարտադրանք: Ադրբեջանցիները ինչպե՞ս են կարողանում կոշտ հակադարձել, երբ համանախագահների արտահայտոթյւոնները իրենց դուր չի գալիս: Մենք ևս պետք է այնպես անենք, որ համանախագահնրը իրենց հայտարարություններում զգուշավոր լինեն, իմանան, որ ցանկացած հակահայկական հայտարարություն` չեն մարսի»:
Հարցին, թե համանախագահների փոփոխությունը ինչ ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա, Ա. Շահբազյանը կարծիք հայտնեց, որ փոփոխությունը ոչինչ չի տա, քանի որ համանախագահներն անում են այն, ինչ թելադրում են իրենց երկրները: Եվ երբ պետությունները տեսնում են, որ մի խաղաքարտը շատ է խաղացվել, այն անմիջապես փոխում են: Սակայն նոր խաղաքարտով էլ խաղում են այնպես, ինչպես տվյալ պետությունը խաղարկի: «Նրանք չեն կարող ասել մի բան, որը կհակասի իրենց ղեկավարության գծին: Երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը խոսեց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, տեսանք, թե ինչ եղավ նրա հետ: Որովհետև նրա ասածը չէր համընկնում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

Նույն հարցի վերաբերյալ ԱԺ մեկ այլ պատգամավոր` Տիգրան Թորոսյանը, կարծիք հայտնեց, որ իսկապես ՄԽ համանախագահները, հատկապես` ամերիկացի համանախագահը, հաճախ են դուրս գալիս իրենց մանդատի լիազորությունների շրջանակներից: Եվ դրա պատճառը պատգամավորը համարեց այն, որ ՀՀ բարձագույն պաշտոնյաները լիարժեքորեն տեղյակ չեն ԵԱՀԿ այն փաստաթղթին, որը սահմանում է համանախագահների լիազորությունները: “Իշխանությունները պարտավոր են շատ լավ իմանալ այդ փաստաթղթի բովանդակությունը և անգամ ամենափոքր շեղման դեպքում համանախագահներից պահաջել` դուրս չգալ իրենց լիազորությունների շրջանակներից: Հակառակ դեպքում համանախագահները վերածվում են Ադրբեջանի դեսպանների, ինչպես Մեթյու Բրայզան է` բառի ուղղակի և անուղղակի իմաստով: Բրայզան արդեն երկար ժամանակ է, ինչ դարձել է Իլհամ Ալիևի խոսնակը և անընդհատ ելույթներում մեջբերումներ է անում Ալիևից: Այդ ամենը հետևանք է Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների “լայնախոհ”, “լուրջ” և “քաղաքակիրթ” կեցվածքի, ինչն իրականում խեղճության, իրավական նորմերի չիմացության դրսևրում է:
Տ. Թորոսյանը ևս կարծում է, որ համանախագահների փոփոխությունը որևէ կապ չունի գործընթացի բովանդակության հետ. “Կարևորը անձերը չեն, նրանք անում են այն, ինչը բխում է իրենց երկրների շահերից: Մեզ համար կարևոր է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, միջազգային իրավունքի նորմերի իմացությունը և այդ ամենը դրսևորելու վճռականությունը: Ցավոք, այս հարցերում Հայաստանի իշխանությունները դեռևս հսկայական անելիքներ ունեն”:
Սևակ Հակոբյան


Թեգեր`

Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`