Թուրք ազգայնականների սպառնալիքները` ուղղված ստամբուլահայ լրագրողին
Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am-ը, ստամբուլահայ, «Թարաֆ» օրաթերթի լրագրող Սևակ Նշանյանը դիմել է դատախազություն, քանի որ շարունակում է մահվան սպառնալիքներ պարունակող նամակներ ստանալ: Դեռ հոկտեմբերի 29-ից Սևակ Նշանյանը համացանցի միջոցով նման բովանդակության ավելի քան 400 նամակ է ստացել:
Թուրք ազգայնամոլական ուժերի սպառնալից նամակներն այսպիսի բովանդակություն ունեն.
«Մենք կստիպենք քեզ գրել «Ուղերձ երիտասարդությանը» ելույթի ճիշտ տարբերակը սեփական արյունով… Ես ձեզ կսպանեմ, ինչպես շուն Հրանտ Դինքին»: Կամ` «Ես աղոթել եմ տարիներ շարունակ, որպեսզի ինձ հնարավորություն ընձեռվի սպանել ձեր նմաններից մեկին բանակում ծառայելիս։ Ես դա սառնասրտորեն կանեմ, և քո տեսակի սպանությունը չի ծանրանա իմ խղճին, այլ ընդհակառակը՝ ինձ համար պատիվ կլինի… Իմացիր, որ մենք սպասում ենք ընդամենը փոքր նշանի` դա իրականացնելու համար», «Դու և քո տեսակները կտեսնեն թուրքական ազգի ուժը շատ շուտով: Հայերն ու մյուսները, ովքեր շարունակում են իրենց խեղաթյուրված ինտրիգները՝ երկիրը պառակտելու համար, չնայած այն հանդուրժողականությանը, որ մենք ցուցաբերել ենք, մոտալուտ ապագայում կվճարեն այն գինը, որին նրանք արժանի են»:
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ սպառնալիքներն այսքանով չեն սահմանափակվում, պարզապես բարոյական սահմանները թույլ չեն տալիս դրանք հրապարակել:
Ի դեպ, ասենք, որ Նշանյանը ազգայնամոլների ուշադրությունը գրավել է այն բանից հետո, երբ «համարձակվել» է փոփոխություններ կատարել Աթաթուրքի` «Ուղերձ թուրք երիտասարդությանը» տեքստում:
Լրագրողը ուղերձի` «Ձեր առաջին պարտքն է հավետ պահպանել և պաշտպանել Թուրքիայի անկախությունը և Թուրքիայի Հանրապետությունը» խոսքերը վերափոխել է` դարձնելով` «Ձեր առաջին պարտքն է լինել մարդ արարած»: Այս կերպ լրագրողը ցանկացել է շեշտել այն հանգամանքը, որ «մարդ արարած» դառնալու իրենց պարտքը թուրքերը դեռ չեն կատարել:
ArmAr.am












