Ադրբեջանը նորից սկսել է հոխորտալ
Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները` արցախյան հարցի խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների հետագա զարգացման ճանապարհին: Այս մասին տեղեկատվություն է տրամադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական կայքը: Կայքում մասնավորապես գրված է. «Նրանք համաձայնել են համանախագահների առաջարկությանը` մինչ այս տարվա նոյեմբերը կազմակերպել հերթական երկկողմ հանդիպումը (6-րդն այս տարվա ընթացքում)` եվրոպական մայրաքաղաքներից մեկում»:
Սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը զուգահեռաբար հայտարարել է, թե գոյություն ունի արցախյան հիմնախնդրի լուծման երեք ճանապարհ, և բնականաբար, ներկայացրել է արցախյան հիմնախնդրի լուծման ադրբեջանական տեսակետը, այն է` հայկական զինված ուժերի դուրսբերում «գրավված տարածքներից»` հետագա ականազերծմամբ, ենթակառուցվածքների վերականգնում, որից հետո նաև բոլոր փախստականների վերադարձ ` դեպի իրենց «հայրենի» հողեր: «Միայն այս դեպքում հնարավոր կլինի լուծել Արցախի կարգավիճակի հարցը»,-եզրակացրել է Մամեդյարովը:
Ի դեպ, վերջերս Մամեդյարովը դժգոհել էր. «Այլևս հնարավոր չէ շարունակել բանակցությունները: Պաշտոնական Բաքուն չի պատրաստվում շարունակել բարձր մակարդակի հանդիպումները միայն այն բանի համար, որ ցույց տա, թե բանակցային գործընթացը շարունակվում է»: Ապա հավելել էր. «Մենք պատրաստ ենք նախագահների հերթական հանդիպմանը միայն այն պատճառով, որ համանախագահները խոստացել են, թե բանակցությունները կլինեն կոնստրուկտիվ»:
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, արցախյան հարց, բանակցություններ, Բաքու, ԵԱՀԿ Մինսկի խումբ, Հայաստան, Մամեդյարով












