Բեմադրությունը մարտահրավեր է` ուղղված թուրքերին
Ֆրանսահայ հանրաճանաչ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի բեմադրած «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» ներկայացումը նոյեմբերի 16-ին և 17-ին Ստամբուլում կներկայացվի թուրք հասարակությանը:
Բեմադրությունը հայկական ծագումով մի դաշնակահարի մասին է, որը չի կարողանում հանգիստ ապրել, քանի որ նրան անվերջ տանջում են հայ ժողովրդի անցյալի ծանր հիշողություններ` Օսմանյան Թուրքիայի կողմից իր ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության փաստը:
Նոյեմբերի 12-ին, 60 րոպե տևողությամբ այս ներկայացումը հնարավորություն ունեցան դիտելու Դիարբեքիրի թատերասերները: Նրանք հիմնականում քրդեր էին:
Տեղեկացնենք, որ այս պիեսը բեմադրվել էր 2006-ին` Ֆրանսիայում հայտարարված Հայկական տարվա շրջանակներում: Հայտնի է դարձել նաև, որ ներկայացման ստամբուլյան հյուրախաղերը հովանավորել են Ստամբուլի ֆրանսիական մշակույթի կենտրոնը` «Կուլտուրֆրանսը» և «Գյուլբենկյան» հիմնադրամը:
Ի դեպ, ստամբուլյան հյուրախաղերը համընկնում են Ֆրանսիայում անցկացվող` «Թուրքիայի տարի» ծրագրի հետ, ինչը թուրքական որոշ հասարակական կազմակերպություններ որակել են որպես թուրքերին ուղղված մարտահրավեր:
ArmAr.am
Թեգեր` «Գյուլբենկյան» հիմնադրամ դաշնակահար, «Կուլտուրֆրանս», «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» ներկայացումը Ստամբուլ, Թուրքիա, հայ ժողովուրդ, ռեժիսոր Սերժ Ավետիքյան, ցեղասպանություն, փաստ, Օսմանյան Թուրքիա, Ֆրանսիա












