Գլխավոր » Լրահոս

Հայաստանը պետք է նախաձեռնող լինի

Օգոստոս 24, 2009թ. 21:32

DROSHԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնեն օրերս հարցազրույցներից մեկում նշել էր, թե ԱՄՆ Պետքարտուղարությունը մշտապես առաջնային է համարել տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ ոչ թե ազգերի ինքնորոշման: Բայց այս պարագայում Պետքարտուղարությունը սխալվում է, քանի որ Լեռնային Ղարաբաղը լրիվ իրավունք ունի անկախության: Կոնգրեսմենը նաև նշել էր, որ Հայաստանը խնդիր ունի փոխել Պետքարտուղարության դիրքորոշումը դեպի այդ ուղղությունը:

“Մենք դրա մասին խոսում ենք գրեթե 20 տարի: Հայաստանը պարտավոր էր հայեցակարգային իր մոտեցումը ներկայացներԼՂ-ի հիմնահարցի, այլ ոչ թե կոնֆլիկտի էության վեաբեյալ, ինչը առ այսօր պաշտոնական ձևով հայկական կողմը, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի արել”,- ԱՄՆ կոնգրեսականի դիտարկման առթիվ մեր հնչեցրած հարցին ի պատասխան` նշեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով` ՀՀ արտգործնախարարը պետք է համապատասխան դիվանագիտական նոտա ուղղեր բոլոր ՄԱԿ-ի անդամ երկրներին` ներկայացնելու ԼՂՀ հիմնահարցի էության և կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:

Նույն հարցի շուրջ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արտաշես Շահբազյանն էլ կարծում է, որ Հայաստանը պետք է շատ ավելի վճռական լինի, ոչ թե գնա իրադարձությունների հետևից և միշտ հայտնվի հակադարձողի դերում, այլ շարունակ վարի նախաձեռնող քաղաքականություն: “Պետությունը պետք է ծրագրված աշխատի և ցույց տա, որ ամուր կանգնած է ժողովրդի կողքին: Մեզ համար պետք է ընդունելի չդառնա Ղարաբաղի անկախության հարցում որևէ զիջում: Ակտիվ, միասնական աշխատանք, քարոզչություն ներսում, քարոզչություն դրսում, վճռականություն, աշխատանք հակառակորդների դեմ և բարեկամների հետ”,- նշեց Ա. Շահբազյանը:

ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանն էլ նշում է, որ որևէ ժողովրդի անկախ պետականություն ունենալու իրավունքը Միացյալ Նահանգները չէ, որ շնորհում է: “Միջազգային իրավունքում ինքնորոշման իրավունքն ունի բարձրագույն իրավական նորմի կարգավիճակ: Բայց դա դեռ բավարար չէ: Այդ ամենը պետք է կարողանալ պաշտպանել տարբեր ձևերով: Ցավոք, բացի զենքով պաշտպանելուց, մնացած հարցերում մենք լուրջ թերացում ունենք: Առաջին հերթին հենց Հայաստանի իշխանությունները պիտի հասկանան, թե ինչ բան է միջազգային իրավունք, ինքնորոշման իրավունք, որ Լեռային Ղարաբաղի խնդրի արդարացի լուծումը հնարավոր է միայն ինքնորոշման իրավունքի կիրառմամբ: Ընդ որում, ոչ թե դա թութակի պես անընդհատ կրկնելով, այլ խորապես հասկանալով, որ  միջազգային իրավունքի շրջնակներում ԼեռնայինՂարաբաղի հանրապետության ինքնորոշման իրավունքը և այդ իրավունքի իրացումը բացարձակապես անթերի են, և այդ ամենը պետք է ներկայացվեն բանակցությունների սեղանին, այլ ոչ թե առևտուր արվի բանակցութունների ժամանակ”,- նշեց պատգամավորը` հավելելով, որ ՀՀ պաշտոնյաները, հատկապես նրանք, ովքեր զբաղվում են ԼՂՀ խնդրի հետ կապված բանակցութուններով, պետք է հասկանան` իրապես  ինչ է նշանակում ինքնորոշման իրավունք, որից հետո Հայաստանը պետք է այլևս չներկայացնի ԼՂՀ-ին` այդ խնդիրը թողնելով հենց վերջինիս:

Սևակ  ՀԱԿՈԲՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`