Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հարցազրույցներ, Տեղեկատվական անվտանգություն

«Թուրքերն այլևս չեն ժխտում Ուրարտուի` հայկական պետություն լինելու փաստը». հայագետ Փիթեր Քաուի

Նոյեմբեր 13, 2009թ. 17:09

Piter1Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար, հայագետ պրոֆեսոր Փիթեր Քաուին պատասխանել է ArmAr.am-ի թղթակցի հարցերին` կապված թուրքերի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ու յուրացման փաստի հետ:

-Պարո’ն Քաուի, ArmAr.am-ին տված Ձեր նախորդ հարցազրույցի ժամանակ անդրադարձել եք այս տարածքներում հայկական էթնոսի բնիկ լինելու անհերքելի փաստերին: Մինչդեռ այսօր թուրքերն ամեն կերպ խոսում են իրենց` ուրարտական ծագման մասին և փորձում են ներկայանալ որպես ուրարտական մշակույթի կրողներ: Ինչպե՞ս պետք է մենք պայքարենք նման խեղաթյուրված փաստերի դեմ:

-Ես կարծում եմ, որ այսօր Թուրքիայում իրավիճակն ավելի դյուրացել է: Նրանք ավելի ծայրահեղ դիրքորոշում ունեին սրանից մի քանի տասնամյակ առաջ: Իհարկե, ես չեմ խոսում բոլորի մասին, բայց հիմնականում թուրք գիտնականները սկսել են զարգանալ, և արդեն Թուրքիայում  նոր դրական ալիք է բարձրանում:

Ես վերջերս էլեկտրոնային փոստով շատ նամակներ եմ ստանում այն մարդկանցից, ովքեր այս տարածաշրջանի պատմությունն են գրում և լիարժեք ու հավաստի աղբյուրների կարիք ունեն:

Այսօր արդեն թուրքերը չեն ժխտում, որ այդ տարածքներում հայկական պետություն  է եղել, ավելին` ընդունում են և ուսումնասիրելու ցանկություն են հայտնում:

-Դուք ասում եք, որ թուրքերը փոխվել են, բայց այսօր Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող շատ հայկական մշակութային կոթողներ, անգամ եթե պետականորեն չեն վերացվում, չեն էլ պահպանվում` այդ կերպ մատնվելով բնական ճանապարհով ոչնչացման:

-Այո’, ճիշտ եք: Դրանով պետք է հատկապես, Թուրքիայի գավառական իշխանությունները հետաքրքրված լինեն, որպեսզի այդ շրջաններում տուրիզմը զարգանա: Հիմնականում հայ զբոսաշրջիկներ են գնում այդ տարածքներ, և հուշարձանների վերանորոգումը կնպաստի հայ զբոսաշրջիկների քանակի մեծացմանը: Եթե մարդիկ տեսնեն լավ պահպանված և վերանորոգված հուշարձաններ, կվերադառնան այդ վայրեր:

Իսկ ոչնչացման դեմ պայքարելու համար նաև պետք է անընդհատ նկարահանել այդ կոթողները: Կան նման մասնագետներ, որ ամեն տարի գնում և նկարահանում են: Որոշ ժամանակ հետո տարբերություններն ակնհայտ են դառնում. մի քանի տարի առաջ ինչ վիճակում են եղել, հիմա ինչ տեսքով են ներկայանում: Դրանք շատ կարևոր փաստեր են:

Ի վերջո, հուշարձանների ակնհայտ բացասական փոփոխությունների մասին վկայող փաստերը պետք է ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՈ-ին:  Այդպես միայն հնարավոր կլինի պահպանել եղած արժեքները:

Հարցազրույցը` Անի Աբովյանի


Դիտել Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հարցազրույցներ, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն