Բուլղարները բողոքում են թուրքալեզու հաղորդումների դեմ
Բուլղարիայում թուրքերենով հեռարձակվող հաղորդումները առաջացրել են բուլղար ժողովրդի զայրութը: Երկրում նույնիսկ սկսվել է ստորագրահավաք` ընդդեմ թուրքերեն լուրերի հեռարձակման: Ավելին, թուրքական CNN Turk հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Բուլղարիայում «Բուլղար տղամարդիկ» ազգայնական կուսակցության ղեկավար Ռոսեն Մարկարովը, որպես բողոք թուրքերեն լուրերի հեռարձակման, փորձել է ինքնահրկիզվել: Իսկ հեռուստաընկերության դեմ բողոքի ցույց կազմակերպած ցուցարարների ցուցապաստառների վրա գրված էր. «Ոչ թուրքերեն լուրերին, ինչ կարիք կա նման խայտառակության»:
Նկատելի է դառնում, որ վերջին շրջանում Բուլղարիայում բավականին սրվել են հակաթուրքական տրամադրությունները:
Հիշեցնենք, որ 2009 թ. ամռանը Բուլղարիայի արտգործնախարար Ռումյանա Ժելևան հայտնել է, որ նախապատրաստվում է փոխհատուցման պահանջ ներկայացնել Թուրքիային` 1912-1920 թվականներին Թուրքիայից հեռացած բուլղարների համար:
ArmAr.am












