Ջոն Հոլմսը Ղարաբաղյան խնդրում կարևորել է ԵԱՀԿ-ի դերը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ջոն Հոլմսը, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման անհրաժեշտությանը, բարձր է գնահատել ԵԱՀԿ ջանքերը այդ ուղղությամբ:
Թրենդ (Trend) գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան կարծիք է հայտնել, թե ԵԱՀԿ-ն պետք է պահպանի իր առաջատար դիրքերը ԼՂ հակամարտության լուծման գործում:
«Կարծում եմ` յուրաքանչյուր ձգձգված բանակցություն հեշտ գործընթաց չէ, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում վերջերս նկատվում է հուսադրող աշխուժացում», – ասել է բարձրաստիճան պաշտոնյան:
«Չնայած բանակցային գործընթացը դժվար է լինելու թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը բխում է երկու երկրների շահերից», – ասել է Հոլմսը:
ArmAr.am












