Կարինե Ղազինյանն ընդունել է Օննո Հատինխային
Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության Արևելյան հարևանների և Արևելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Օննո Հատինխային (Onno Hattinga), ում ուղեկցում էր Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգը (նստավայրը` Թբիլիսի):
Ողջունելով դեսպանին` փոխնախարար Ղազինյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել Եվրամիության հետ գործընկերային հարաբերությունները` կարևորելով 2009թ. մայիսին Եվրամիության մեկնարկած Արևելյան գործընկերության նախաձեռնությունը:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին` կողմերը քննարկեցին ծրագրով նախատեսված թեմատիկ պլատֆորմների շրջանակներում նախանշված նախագծերը:
Փոխնախարար Ղազինյանը կարևորեց ԵՄ և ՀՀ միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման հարցը:
Դեսպան Հատինխայի խնդրանքով տիկին Ղազինյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
ԱԳՆ տեղեկատվության վարչություն












