Գլխավոր » Լրահոս

Թուրքիայի խորհրդարանում քննարկումները սկսվել են

Նոյեմբեր 13, 2009թ. 18:59

Ինչպես տեղեկացրել է ArmAr.am կայքը, Թուրքիայի խորհրդարանում սկսվել է ժողովրդավարական բարեփոխումների փաթեթի շուրջ քննարկումները: Առաջինը ելույթ է ունեցել ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը: Այս  պահին օրինագծի փաթեթի շուրջ իրենց տեսակետներն են հայտնում երկրի բոլոր քաղաքական կուսակցությունների ղեկավարները, որոնցից հետո միայն ելույթ կունենա վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Թուրք վերլուծաբանների կարծիքով, Էրդողանի տեսակետը վճռորոշ կլինի: Նրանց գնահատմամբ` այն պատգամավորները, որոնք դեռ չեն կողմնորոշվել, հավանական է, որ վերջինիս ելույթից հետո  իրենց որոշումն ընդունեն:

«Սաբահ» թերթի վերլուծաբանի ենթադրությամբ, Էրդողանը խորհրդարանի ամբիոնից անդրադառնալու է պետական կարևորության մի շարք հարցերի: Չի բացառել նաև, որ կանդրադառան հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրին և կներկայացնի դրանց կարգավորման նշանակությունը:
Արծարծելով քրդական հարցը` ենթադրվում է, որ Էրդողանը շեշտելու է այն հանգամանքը, որ ժամանակն է 30 տարի զինված հակամարտության տեսքով շարունակվող այդ խնդրին վերջ դնել, ինչը հնարավոր կլինի այս բարեփոխումների միջոցով:

Տեղեկացնենք նաև, որ ընդդիմադիր կուսակցությունների առաջին իսկ ելույթներից պարզ է դարձել, որ վերջիններս դեմ են այս փաթեթին: «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մեղադրում են ազգային շահերը ոտնահարելու մեջ և պնդում են, որ այս նախաձեռնությունն ուղղված է ոչ թե քրդական հիմնահարցի լուծմանը, այլ Եվրամիությանը սիրաշահելուն:

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը իր ելույթում հիշեցրել է Թուրքիայի սահմանադրության 66-րդ և 42-րդ հոդվածների մասին, որոնցից առաջինում նշված է, որ «Յուրաքանչյուր ոք, ով կապված է թուրքական պետության հետ քաղաքացիական պարտավորություններով, թուրք է», իսկ երկրորդում ամրագրված է Թուրքիայի կրթական հաստատություններում որևէ լեզվի` որպես մայրենիի, դասավանդման արգելումը, բացի թուրքերենից:

Քրիստինե Մելքոնյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն