Հայաստանը երբեք չի գնա տարածքային զիջման, եթե անգամ փոխարենը խոստանան երկնային արքայություն
Վերջին տարիներին Հարավային Կովկասը վերածվել է քաղաքական զարգացումների ամենաթեժ տարածաշրջաններից մեկի: Դա պայմանավորված է հիմնականում այնպիսի սառեցված հակամարտությունների առկայությամբ, որոնք ցանկացած պահի կարող են դարձյալ վերսկսվել: Դրանից զատ, Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը և կոմունիկացիոն հնարավորությունները մեր տարածաշրջանը դարձրել են գերտերությունների պայքարի կռվախնձոր: Սակայն, չնայած այս ամենին, այսօր Հարավային Կովկասի կարևորագույն խնդիրները վերաբերվում են հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին: Այս հարցն այնքան մեծ կարևորություն է ստացել տարածաշրջանի ապագայի համար, որ մնացած բոլոր խնդիրներն այս կամ այն չափով կախվածության մեջ են ընկել դրանից: Եվ, չնայած պաշտոնական Երևանի բոլոր ջանքերին, ադրբեջանա-արցախյան հակամարտության խնդիրն այս առումով բացառություն չէ:
Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլում վերջին չլուծված հարցը մնում է ղարաբաղյան հիմնախնդիրը: Պաշտոնական Անկարան սպառնում է չվավերացնել ստորագրված արձանագրությունները, եթե արցախյան հարցում առաջընթաց չնկատվի: Իսկ ասելով «առաջընթաց»` թուրքական կողմն ի նկատի ունի գոնե մի շարք շրջանների հանձնում Ադրբեջանին: Դատելով թուրքական մամուլի հրապարակումների տրամաբանությունից` Անկարայում հասկանում են, որ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում այլևս երբեք չի լինի: Սակայն թուրքերը դեռևս հույսեր են փայփայում` գոնե որոշակի տարածքային ձեռքբերումներ ունենալու հարցում: Ընդ որում, թուրքական դիվանագիտությունն ինքն իրեն դրել է անելանելի իրավիճակի մեջ, քանի որ Արցախից տարածքներ «պոկելու» նրանց հնարավորությունը, փաստորեն, սահմանափակվում է արձանագրությունների վավերացմամբ: Իսկ այս հարցում նրանք պետք է կողմնորոշվեն ընդամենը մեկ-երկու ամիսների ընթացքում: Թուրքիայում լավ են հասկանում, որ եթե այդ ժամանակահատվածում իրենց չհաջողվի ստիպել հայկական կողմին` գնալ որոշակի տարածքային զիջումների, ապա հետագայում Անկարան ընդհանրապես կկորցնի այդ շանսը` անկախ նրանից կվավերացնի՞ թուրքական խորհրդարանը ստորագրված արձանագրությունները, թե` ոչ:
Ինչպես հայտնի է, ներկայումս հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը հանդիսանում է համաշխարհային քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկը: Բոլորն անհամբերությամբ սպասում են Թուրքիայի խորհրդարանի որոշմանը: Իսկ վերջիններս շարունակում են հնարավորինս ձգձգել այն` առաջին պլան մղելով ղարաբաղյան հիմնախնդիրը: Թուրքիայի նման դիրքորոշումը ստեղծել է բավական հետաքրքիր քաղաքական իրավիճակ, որից հայկական կողմը կարող է զգալի օգուտներ քաղել: Այդ իրավիճակն ունի երկու կարևորագույն ասպեկտ:
Նախ, խոսքն այն մասին է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը հետամուտ Արևմուտքն ամենևին էլ չի ցանկանում, որ իր նախաձեռնած գործի ավարտին Թուրքիան վերածվի տարածաշրջանային գերտերության: Չնայած այն հանգամանքին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը դեռևս ամբողջությամբ պարզ չէ` Թուրքիան արդեն ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հավակնություններ է ներկայացնում աշխարհին: Ընդ որում, այդ ինքնուրույնությունը դրսևորվում է թուրքական դիվանագիտության` դեպի իսլամական Արևելք շրջադարձով: Վերջին մի քանի ամիսների ընթացքում պաշտոնական Անկարան կարողացել է վերջնականորեն խզել հարաբերություններն Իսրայելի հետ և բավական լավ համագործակցություններ հաստատել Իրանի ու Սիրիայի հետ: Այս ամենը, իհարկե, չի կարող չանհանգստացնել Արևմուտքին, որի տարածաշրջանային կարևորագույն գործընկերը սկսել է իր շահերին հակասող քաղաքականություն իրականացնել: Այդ իսկ պատճառով առաջիկա շրջանում Արևմուտքը փորձելու է հնարավորինս կասեցնել թուրքական դիվանագիտության առաջխաղացումը: Իսկ այդ ճանապարի առաջին քայլը պետք է դառնա տարածաշրջանում Անկարայի ազդեցության նվազեցումը:
Իհարկե, Արևմուտքին անհրաժեշտ է հայ-թուրքական բաց սահման: Սա հնարավորություն կտա նրանց թուլացնել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասի իր վերջին հենակետում` Հայաստանում: Բացի այդ, Հայաստանի և Թուրքիայի բաց սահմանն աշխարհաքաղաքական նոր զարգացումների հնարավորություն է ընձեռում, որոնց ճիշտ ուղղորդման դեպքում Արևմուտքը հսկողություն կսահմանի Միջին Ասիայից Եվրոպա տանող առևտրային կարևորագույն ճանապարհների վրա` զրկելով այդ հնարավորությունից Ռուսաստանին և Իրանին: Այդ նպատակին հասնելու համար ԱՄՆ-ն և Եվրամիությունը պատրաստ են մեծ զոհողությունների գնալ: Ինչպես ասվում է, նպատակն արդարացնում է միջոցները: Եվ Լեռնային Ղարաբաղը նույնպես կարող է դառնալ այդ զոհաբերության զոհը: Այդ իսկ պատճառով հայկական դիվանագիտությունը պետք է համոզի Արևմուտքին, որ Թուրքիան վավերացնի արձանագրությունները նույնիսկ առանց արցախյան հիմնահարցում «առաջընթաց» նկատելու: Եվ դա հեռու չի լինի իրականությունից: Համենայն դեպս, Արևմուտքը պետք է հստակորեն գիտակցի, որ Արցախի հարցը Հայաստանի համար ունի առաջնային նշանակություն և մենք երբեք չենք գնա որևէ տարածքային զիջումների, եթե անգամ փոխարենը մեզ խոստանան հավիտենական երկնային արքայություն:
Երկրորդ հետաքրքրական հանգամանքը, որ առաջ է եկել Թուրքիայի դիրքորոշման արդյունքում, այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագան որոշող բանակցություններում Ադրբեջանն իր դիրքը, փաստորեն, զիջել է Թուրքիային: Այսինքն, գործնականում Ադրբեջանը դուրս է մնացել բանակցային իրական գործընթացից: Ստեղծվել է հայկական իրականությանը շատ մոտ իրավիճակ: Ինչպես ժամանակին Արցախն դուրս մնաց բանակցության գործընթացից` իր տեղը զիջելով Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանն է իր տեղն այսօր զիջել Թուրքիային: Իսկ Թուրքիան, ինչպես արդեն նշվեց, այդ հարցը լուծելու համար շատ քիչ ժամանակ ունի: Ուստի հայկական կողմը, որը այդքան երկար փորձում էր տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արցախյան հակամարտության հիմնախնդրից, պետք է պատրաստվի երկու խնդիրների միաժամանակյա հանգուցալուծմանը: Իսկ դա նշանակում է, որ, անկախ արձանագրությունների վավերացումից, Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ












