Գլխավոր » Քաղաքականություն

«ԼՂՀ ինքնորոշման իրավունքը և այդ իրավունքի իրացումը բացարձակապես անթերի են»

Օգոստոս 25, 2009թ. 13:43

Հարցազրույց ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ

– 16 տարի առաջ ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Դա պետության ամենամեծ տոներից մեկը պետք է լիներ: Միչդեռ, մի տեսակ սառնություն կա թե ժողովրդի, թե ղեկավարության կողմից: Շատ անշշուկ անցավ նաև այս օգոստոսի 23-ը: Ինչո՞ւ է այդպես:

-Կա ձևական պատասխան` այդ օրը անկախության հաստատման սկիզբն է` խորհրդարանում Հռչակագրի ընդունման օրը, իսկ անկախության վերահաստատման օրը սեպտեմբերի 21-ն է: Սակայն կա խորքային հիմնախնդիր: Ձեր նշած երևույթը հետևանք է ներկա իրողության, որովհետև անկախության, պետականոթյան նկատմամբ վերաբերմունքը ոչ միայն, և ոչ այնքան տոն օրերին պետք է դրսևորվի, որքան ամեն օր, ամեն քայլափոխի և յուրաքանչյուր քաղաքացու կողմից, բայց առաջին հերթին` պետական պաշտոնյաների վարքում: Իսկ երբ դա չկա, մնացածն արդեն պարզ հետևանք է դառնում:

– Փորձենք 17 տարիների հեռվից գնահատել մեր ձեռքբերումները: Դուք է՞լ եք այն կարծիքին, որ  ձեռքբերումները միայն բանակն է ու ԼՂՀ անկախությունը:

– Անկախությունն ինքնին ոչինչ չի տալիս, բացի` սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու հնարավորոթյունից: Մնացածն այդ ժողովրդի ու յուրաքանչյուր քաղաքացու անելիքն է: Դա է պատճառը, որ աշխարհի ողջ պետությունների մի մասը հասել է մեծ հաջողությունների, մյուս մասը` ոչ այնքան, ուրիշներն էլ, ընհդանրապես հաջողությունների չեն հասել:
Եթե մենք հաջողություններ չունենք, իսկ տարբեր ոլորտներում իսկապես այդպես է, բնական է, որ պետք է փնտրենք, թե որտեղ ենք սխալներ գործել, որտեղ են մեր թերացումները, որոնց պատճառով ձեռքբերումները քիչ են: Ամենալուրջ ձեռքբերումը, բացի ՀՀ գոյությունից, ԼՂՀ գոյությունն է, որովհետև ինչքան էլ Ղարաբաղի ժողովուրդը հերոսաբար պայքարեր իր անկախության համար, առանց ՀՀ գոյության` այն հնարավոր չէր լինի պաշտպանել: Բայց, մյուս կողմից էլ, միայն բանակ ու անկախ Արցախ ունենալով հնարավոր չէ ապահովել սեփական ժողովրդի անվտանգությունը, ապահովությունն ու արժանապատիվ կյանքը: Իսկ դա անպայման պետք է անել` արդարացնելու համար անկախություն` անկախ պետականություն ունենալու բարեբախտությունը: Անկախությունը ոչ միայն պատիվ է, այլև պատասխանատվություն, մինչդեռ շատերը` հատկապես քաղաքական կյանքում ու իշխանությունում շարունակում են գործել իրենց կոմունիստական մտածողության ու պատկերացումների թելադրանքով:

– ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնեն օրերս հայտարարել էր, որ թեև ԱՄՆ Պետքարտուղարությունը մշտապես առաջնային է համարել տարածքային ամբողջականության սկզբունքը, և ոչ թե ազգերի ինքնորոշման, բայց Լեռնային Ղարաբաղի պարագայում Պետքարտուղարությունը սխալվում է, քանի որ Լեռնային Ղարաբաղը լրիվ իրավունք ունի անկախության: Նա նաև հավելել էր, թե` Հայաստանի խնդիրն է՝ փոխել Պետքարտուղարության դիրքորոշումն այդ ուղղությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք ասվածը:

– Որևէ ժողովրդի անկախ պետականություն ունենալու իրավունքը Միացյալ Նահանգներինը չէ, որ նա էլ շնորհում է: Միջազգային իրավունքում ինքնորոշման իրավունքն ունի բարձրագույն իրավական նորմի կարգավիճակ: Բայց դա դեռ բավարար չէ: Այդ ամենը պետք է կարողանալ պաշտպանել տարբեր ձևերով: Ցավոք, բացի զենքով պաշտպանելուց, մնացած հարցերում մենք լուրջ թերացումներ ունենք: Առաջին հերթին, հենց Հայաստանի իշխանությունները պիտի հասկանան, թե ինչ բան է միջազգային իրավունք, ինքնորոշման իրավունք, որ Լեռային Ղարաբաղի խնդրի արդարացի լուծումը հնարավոր է միայն ինքնորոշման իրավունքի կիրառմամբ: Ընդ որում, ոչ թե դա թութակի պես անընդհատ կրկնելով, այլ խորապես հասկանալով, որ միջազգային իրավունքի շրջնակներում ԼեռնայինՂարաբաղի հանրապետության ինքնորոշման իրավունքը և այդ իրավունքի իրացումը բացարձակապես անթերի են, և այդ ամենը պետք է ներկայացվեն բանակցությունների սեղանին, այլ ոչ թե առևտուր արվի բանակցութունների ժամանակ: Ամենամեծ մոլորությունն այն է, թե նման բանակցությունները պարզապես առևտուր են: Այդ գիտակցությունը պետք է կոտրվի, և պետք է ՀՀ պաշտոնյաները, հատկապես, նրանք, ովքեր զբաղվում են ԼՂՀ խնդրի հետ կապված բանակցութուններով, հասկանան, թե` իրապես ի՞նչ է նշանակում ինքնորոշման իրավունք: Իսկ դրան հետևող առաջին գործնական քայլը պիտի լինի հայտարարությունը, որ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններում բանակցող կողմ պետք է լինի ԼՂՀ-ն: ՀՀ-ն չպետք է ներկայացնի ԼՂՀ շահերը: Սա ամենաանհրաժեշտ և առաջին քայլն է, որ պետք է իրականացվի:

– Պարոն Թորոսյան, ըստ ձեզ, արդյո՞ք  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մանդատից դուրս չեն գործում: Հաճախ հանդես են գալի հայտարարություններով, որը բացարձակապես չի բխում իրենց իրավասություններից:

– ՄԽ համանախագահները, հատկապես, ամերիկացի համանախագահը, այո, հաճախ են դուրս գալիս իրենց մանդատից: Բայց ՀՀ բարձագույն պաշտոնյաներն  անգամ լիարժեքորեն տեղյակ չեն ԵԱՀԿ այն փաստաթղթին, որը սահմանում է համանախագահների լիազորությունները: Իշխանությունները պարտավոր են շատ լավ իմանալ այդ փաստաթղթի բովանդակությունը և անգամ ամենափոքր շեղման դեպքում համանախագահներից պահանջել դուրս չգալ իրենց լիազորությունների շրջանակներից: Հակառակ դեպքում համանախագահները վերածվում են Ադրբեջանի դեսպանների, ինչպես Մեթյու Բրայզան է` բառի ուղղակի և անուղղակի իմաստով: Բրայզան արդեն երկար ժամանակ է, ինչ դարձել է Իլհամ Ալիևի խոսնակը և անընդհատ ելույթներում մեջբերումներ է անում Ալիևից: Այդ ամենը հետևանք է Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների «լայնախոհ», «լուրջ» և «քաղաքակիրթ» կեցվածքի, ինչն իրականում խեղճության, իրավական նորմերի չիմացության դրսևորում է:

– Համանախագաների փոփոխությունը արդյոք ժամանակավորապես չի՞ դանդաղեցնի բանակցային գործընթացը և չի՞ բերի գործընթացի որոշակի փսփոխության:

– Համանախագահների փոփոխությունը որևէ կապ չունի գործընթացի բովանդակության հետ, որովհետև կարևորը անձերը չեն, նրանք անում են այն, ինչը բխում է իրենց երկրների շահերից: Մեզ համար կարևոր է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, միջազգային իրավունքի նորմերի իմացությունը, և այդ ամենը դրսևորելու վճռականությունը: Ցավոք այս հարցերում Հայաստանի իշխանությունները դեռևս հսկայական անելիքներ ունեն:

Սևակ ՀԱԿՈԲՅԱՆ


Դիտել Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`