Արևմուտքը` Արցախի «սողացող սուվերենացման» կողմնակից
Ռուսաստանի ռազմավարական մոդելավորման կենտրոնի փոխնախագահ, քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով, Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացումը կախված չէ հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացից: Արևմուտքն ու Եվրամիությունը, ըստ քաղաքագետի, ընտրել են Արցախի «սողացող սուվերենացման (ինքնիշխանացման)» տարբերակը, իսկ անկախ Արցախը համարում են Կովկասի նկատմամբ արտաքին հսկողության երաշխիք:
«Արևմտյան աշխարհը հասկանում է, որ Բաքուն, իր ռազմական հզորության ավելացման մասին բոլոր հայտարարություններով հանդերձ, չի համարձակվի Հայաստանի դեմ ուժային գործողության, եթե անհասկանալի լինի Թուրքիա-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապագան: Բայց Բաքվին կարող են դրսից դրդել պատերազմի, որպեսզի աղմուկի ներքո ուժեղացնեն հսկողությունը Կասպիցի նկատմամբ: Ցանկացած դեպքում Բաքուն մենակ է մնալու, ինչպես Վրաստանը»,– ասել է Տրոֆիմչուկը: Նրա գնահատմամբ, շահագրգիռ ուժերը Վրաստանին մղում են դեպի ԱՄՆ-ը, Հայաստանը` դեպի Թուրքիան, իսկ «Ադրբեջանը սուսուփուս մեկուսացնում են»:












