Տիմոշենկոն փորձում է արգելել դեղերի գովազդը, իսկ մենք շարունակում ենք դեղ ուտել
Ուկրաինայի կառավարությունն օրինագիծ է ներկայացրել Բարձրագույն ռադա, որով արգելվում է դեղամիջոցների գովազդը։ Օրինագծում նշվում է, որ հեռուստացույցով, ռադիոյով, գովազդային վահանակներով, գովազդի այլ եղանակներով դեղամիջոցների գովազդը հանգեցնում է այն վտանգավոր հետևանքին, որ բնակչության մեծամասնությունը՝ բժշկի հետ չխորհրդակցելով, հաշվի չառնելով դեղորայքի հակացուցումները, գնում և օգտագործում են այդ դեղորայք։ Նման պարագայում դեղորայքը, լավագույն դեպքում, կարող է չօգնել, բայց և չվնասել։ Սակայն ավելի հավանական է, որ այն առավել վատացնի առողջական վիճակը… Նման օրինագիծ ներկայացնելու համար նախապայման է հանդիսացել այն փաստը, որ երկրում ավելացել է խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց քանակը։
Ուկրաինայում անհանգստացած են և փորձում են կանխել դեղակերությունը, իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, մեզանից շատերը շարունակում են դեղ ուտել՝ հիմք ընդունելով այն բազմաթիվ գովազդները, որ ՀՀ առողջապահության նախարարության թույլտվությամբ պտտվում են մեր աչքի առջև։ «ՀՀ գովազդի մասին օրենքում» նշվում է, որ «արգելվում է դեղամիջոցների գովազդն՝ առանց ՀՀ առողջապահության նախարարության թույլտվության։ Նման նախապայման չի դրվում միայն այն դեղորայքի նկատմամբ, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում։
Սակայն բոլորս էլ գիտենք, որ ցանկացած դեղորայք տարբեր կերպ է ազդում օրգանիզմի վրա, և տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց կողմից այս կամ այն դեղորայքի օգտագործումը մի դեպքում կարող օգնել մի հիվանդությանը, մյուս դեպքում՝ անկանխատեսելի հետևանքների հանգեցնել։ Ուստի ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ, թե ինչպես կարելի է, այն էլ առողջապահության նախարարության կողմից, կանաչ ճանապարհ տալ այս կամ այն դեղորայքի օգտագործմանը։
Եթե հաշվի առնվի նաև այն հանգամանքը, որ «Գովազդի մասին» օրենքի մեկ այլ դրույթով արգելվում և հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականցվում է՝ օգտագործելով քաղաքացիների վստահությունը, փորձի կամ գիտելիքների պակասը, հաստատ կարելի է ասել, որ այս դեպքում օրենքի մի դրույթ հակասում է մյուսին։ Այնպես որ… հետևենք Ուկրաինայի օրինակին, քանի որ նմանատիպ օրենքի ընդունման անհրաժեշտությունը կա նաև Հայաստանում։
ArmAr.am












