Բինյամին Նեթանյահուն. «Մեզ Թուրքիայի ու այդ երկրի վարչապետ Էրդողանի նման միջնորդ հարկավոր չէ»
Իսրայելը Թուրքիային չի ընդունում որպես միջնորդ` Սիրիայի հետ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն:
Նա շեշտել է, որ Սիրիայի հետ բանակցություններում իրենց միջնորդ հարկավոր չէ, հատկապես այնպիսի միջնորդ, ինչպիսին է Թուրքիան ու այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նեթանյահուն ասել է. «Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները Սիրիայի հետ, իսկ եթե անհրաժեշտ է միջնորդ, ապա Թելավիվը Թուրքիայի փոխարեն միջնորդի դերում նախընտրում է Ֆրանսիային տեսնել»:
Վերջին շրջանում Էրդողանի հակաիսրայելական հայտարարությունները, իհարկե, անպատասխան չէին կարող մնալ: Չնայած Թուրքիան տարածաշրջանում դեռ շարունակում է մնալ որպես Իսրայելի ռազմավարական դաշնակիցը, ինչը հնարավորություն չի տալիս Թելավիվին ավելի կոշտ քաղաքականություն վարել Անկարայի նկատմամբ, սակայն, հրաժարվելով Թուրքիայի ծառայություններից, իսրայելական կողմը կարծես թե հասկացնում է, որ իրենք կարող են փոխել Թուրքիայի նկատմամբ մինչ օրս վարվող քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Է. Օլմերտի օրոք Սիրիայի հետ կայացած 4 հանդիպումներում էլ Թուրքիան երկու երկրների միջև հանդես է եկել որպես միջնորդ:
ArmAr.am












