Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հոգևոր

Թուրքիան իր քիթը խոթում է նաև հայոց պատրիարքարանի գործերի մեջ

Նոյեմբեր 16, 2009թ. 13:00

Polsi patriarqaranԴեռ մեկ տարի առաջ  Թուրքիայի  վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե քանի դեռ ողջ է  Պոլսո հայոց պատրիարք  Մեսրոպ Մութաֆյանը, նոր պատրիարքի ընտրության մասին խոսք լինել չի կարող:  Սակայն մեզ զարմացրեց այն լուրը, որ Էրդողանն օրերս  Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին  հանդիպման էր հրավիրել քննարկելու հենց պատրիարքի ընտրության  հարցը: Եվ այսօր  պատրիարքարանն ընտրությունների է նախապատրաստվում` հստակեցնելով  պատրիարքի թեկնածուների անունները:

Սակայն այս ամենում մեր ուշադրությունն առավելապես գրավեց  Էրդողանի` Աթեշյանին փոխանցած այն «հրահանգը», թե անհրաժեշտ է առաջիկա ամիսներին ծրագրել և իրականացնել նոր պատրիարքի ընտրություն:

Այսինքն,  Թուրքիայի աշխարհիկ իշխանությունը տիրոջ իրավունքով  խառնվում է հայոց հոգևոր հարցերին, ավելին, հանդես է գալիս թելադրողի ու հրահանգողի դիրքերից:

Փորձեցինք հասկանալ , թե ի՞նչ է իրականում կատարվում: Պարզվեց, որ պոլսահայ համայնքի պատրիարքի ընտրությունն ամբողջությամբ կախված է Թուրքիայի կառավարության վերջնական որոշումից: Նման միջամտությամբ Թուրքական իշխանությունները փաստորեն «ներխուժում են» այլոց  հոգևոր դասի գործերի մեջ:  Նրանք նույնիսկ  օրենքներ են սահմանել, որոնց համաձայն հայոց պատրիարքի թեկնածուները պետք է սերեն թուրքահպատակներից կամ ծնված, մեծացած լինեն Թուրքիայում: Թուրքիան նման ոչ կոռեկտ պայման է դրել Պոլսում հայ համայնքի առջև` բացատրելով դա հետագա փոխգործակցության դյուրինությամբ ու արդյունավետությամբ:

Պայմաններն ու սահմանափակումները սակայն  այսքանով չեն ավարտվում:

Արդեն ընտրված պատրիարքը երկրի տարածքում եկեղեցական սքեմ կրելու համար անպայման պետք է ստանա թուրք նախարարների խորհրդի արտոնությունը:

Ամենակարևորը, Թուրքիան պոլսահայ համայնքին չի տրամադրում հստակ սահմանված կարգավիճակ, ուստի պոլսահայ համայնքն աշխարհին ներկայանում է  ընդամենը որպես կրոնական փոքրամասնություն, որտեղ գլխավոր դերակատարը, փաստորեն, դառնում է պատրիարքը: Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը, և ահա թե ինչու է Թուրքիան կառչում թուրքահպատակ պատրիարք ունենալու հանգամանքից: Ակնհայտ է, որ պատրիարքի ընտրության «դաբրոն» տալով` նա պոլսայահության հոգևոր հովվի  պաշտոնում  նշանակում է իր համար նախընտրելի անձի, որն անհրաժեշտության պահին սազը ձեռքին կսկսի գովերգել Թուրքիային, որպես ազգային փոքրամասնությունների հանդեպ բարեհաճ տրամադրված ու  «ժողովրդավարական» երկրի: Այս ամենն, ինչ խոսք, խիստ ցավալի փաստ  է:

Ի դեպ,  իր իսկ ցանկությամբ պատրիարք նշանակելու, հետևաբար, նաև համայնքը ղեկավարելու և ուղղորդելու թուրքական քաղաքականությունը սքողված է  ազատության ու ժողովրդավարության քողով:

Այս ամենից մեկ ցավալի փաստ պետք է արձանագրենք: Պոլսո պատրիարքարանը, փաստացի լինելով Արևմտյան  Հայաստանում ներկայումս բնակվող հայությանը միավորող միակ ուժը, փաստորեն, գտնվում է Թուրքիայի վերահսկողության ու ղեկավարության տակ:

Օրեր առաջ  ազգային փոքրամասնությունների վիճակը ստուգելու նպատակով Թուրքիա էին ժամանել Եվրոպայի խորհրդի  իրավաբանական հանձնախմբի անդամները: Մի նշանակալի փաստ. իզուր չէ, որ հանձնախումբն իր ուսումնասիրությունները սկսել էր հենց Պոլսո հայոց պատրիարքարանից, ուր զրուցել են փոխանորդի և ներկայացուցիչների հետ, ու եթե այնտեղ թուքական կամակատարներ չեն, այլ, իրոք, ազգային հոգևորականներ, ուրեմն պետք է, որ անկեղծորեն եվրոպացի հյուրերին ներկայացնեին իրավիճակը: Մինչդեռ դա տեղի չունեցավ:

Արուսյակ Հոխիկյան


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն